Մատչելիության հղումներ

«Կանանց մասնակցությունն ավագանու ընտրություններին գործընթացը դարձնում է ավելի ժողովրդավար»․ Փոստանջյան


Զարուհի Փոստանջյան, արխիվ
Զարուհի Փոստանջյան, արխիվ

Թեև դեռ հստակ չէ Երևանի ավագանու ընտրությունների օրը, չեն հրապարակվել կուսակցությունների ցուցակները, սակայն արդեն իսկ տեղեկություններ կան, որ այս անգամ կին թեկնածուները ևս ակտիվորեն ներգրավվելու են այդ գործընթացքում:

Ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար, Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքապետի միակ թեկնածու առաջադրված Զարուհի Փոստանջյանը, որի թեկնածության հարցը ավագանու հուլիսի 16-ի արտահերթ նիստում նույնիսկ չքննարկվեց՝ քվորումի բացակայության պատճառով, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց՝ կանանց մասնակցությունն ընտրություններին այս գործընթացը դարձնում է ավելի ժողովրդավար: «Կարծում եմ՝ կանայք պահանջված են քաղաքականության մեջ և Երևանի կառավարման մեջ»,- ասում է Փոստանջյանը:

Ընտրություններին պատրաստվող «Երկի Ծիրանին» նոր ծրագիր առայժ չունի, սակայն, ըստ կուսակցության ղեկավարի՝ Երևանի խնդիրներն էլ հին են ու դեռ չլուծված․ «Իհարկե, մենք նաև նորություններ պետք է առաջարկենք, մեր ծրագիրը մրցունակ է, և մեր թիմն էլ մրցունակ է: Բացի այդ, մենք կողմնակից ենք, որ Երևանի ապագա կառավարումը լինի ներառող, ոչ թե զուտ կուսակցական»:

Այս անգամ ընտրություններն այլ են լինելու, հույս է հայտնում Փոստնաջյանը՝ հավատալով, որ քաղաքային իշխանությունը կձևավորվի մրցակցային, ազատ, արդար ընտրությունների միջոցով․ «Այս տարի ամեն ինչ պետք է լինի տարբեր, որովհետև եթե այդպես չլինի, ապա մենք կրկնելու ենք այն իրողությունը, որ ունցել ենք շուրջ 30 տարի»:

Քաղաքապետի իր թեկնածուին բացահայտել է նաև «Քաղաքացիական պայմանագիրը»․ կուսակցական քննարկումներից հետո ընտրությունը կանգ առավ դերասան Հայկ Մարությանի վրա: Նկատենք՝ ՔՊ-ում քաղաքապետի թեկնածության համար ինքնառաջադրվել էին նաև երկու կին՝ սոցապ փոխնախարար Զարուհի Բաթոյանը և վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը թեև դեռ չի հստակեցնում ավագանու ցուցակի իր եռյակը, այդուհանդերձ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ քաղաքապետի հավանական թեկնածուն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է: Պատգամավորը մի քանի օր առաջ «Ազատության» հետ զրույցում հաստատել էր, որ ինքը հավակնորդների ցուցակում է, ընգծելով՝ փակագծերը կբացեն առաջիկա օրերին:

Երևանի քաղքապետի կին թեկնածուների շրջանակը կարող է ընդլայնվել ևս մեկ անունով: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ճարտարապետ, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի տիկինը՝ Անահիտ Թարխանյանը գլխավորելու է «Երևանի հանրություն» ընտրական դաշինքի ցուցակը: «Ազատության» հետ զրույցում Թարխանյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս լուրը, ասելով, որ դեռ մանրամասներ են ճշտվում, և առաջիկայում անհնարժեշտութան դեպքում հանդես կգա մեկնաբանությամբ:

Տղամարդակենտրոն հասարակությունում արդյո՞ք մարդիկ պատրաստ են մայրաքաղաքի հոգսերը կին քաղաքապետին վստահել: «Ազատության» հետ զրույցում հարցված երևանցիներից շատերը թեև սկզբունքորեն դեմ չէին կին քաղաքապետ ունենալուն, սակայն կասկածում էին, թե առաջիկայում Հայաստանում հնարավոր կլինի կնոջը տեսնել բարձր ղեկավար պաշտոններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG