Մատչելիության հղումներ

Ռուսաստան, Վրաստան և Իրան փոխադրումներ կատարելու համար ստուգվում են հավակնորդ ընկերությունների մեքենաները


Տրանսպորտի նախարարությունն այսօր ստուգում էր դեպի Ռուսաստան, Վրաստան և Իրան կանոնավոր փոխադրումներ իրականացնելու նպատակ ունեցող 24 կազմակերպությունների մեքենաները: 10 բալանոց համակարգով գնահատվում էին ավտոբուսների ու միկրոավտոբուսների սրահները, հարմարությունները, վարորդների թիվը, մեքենաների տարիքը, դրանց տեխնիկական վիճակը։

Վերջին պայմանի հետ կապված, սակայն, գնահատող հանձնաժողովը սահմանափակվում էր միայն մեքենայի դիմապակուն առկա կտրոնը ստուգելով։ Մինչդեռ, ինչպես պնդում են սպառողների իրավունքների պաշտպանները, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ վարորդներն իրենց փոխադրամիջոցը հիմնականում չեն ենթարկում պարտադիր տեխնիկական զննության, կտրոնն էլ պարզապես ստանում են բանկում վճարում անելուց հետո։

Գնահատող հանձնաժողովի անդամ Արման Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կարող են վստահ լինել, որ մեքենան սարքին վիճակում է, եթե միայն կտրոնի ու դրանում նշված պատշաճ ժամկետի առկայությունն են ստուգում: «Եթե կտրոնն առկա չէ կամ ժամկետանց է, էդ մեքենան ստանում է զրո գնահատական և հանվում մրցույթից»,- պատասխանեց հանձնաժողովի անդամը:

Գործող կարգի համաձայն, եթե կտրոնն առկա է, ուրեմն ամեն ինչ կարգին է, ասում է նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը: Վերջինս, սակայն, շեշտում է՝ պատրաստվում են օրենսդրորեն ամրագրել ու վարորդներին էլ պարտադրել՝ տեխնիկական զննության ենթարկել իրենց մեքենաները։ «Ոչ թե ձևական, այլ իրական ստուգում կանցենեն բոլոր տրասպորտային միջոցներն անխտիր: Շահագրգիռ կողմերի հետ քննարկումն արդեն ավարտվել է, և մոտ ժամանակներս բարեփոխումների փաթեթը կներկայացվի կառավարություն»,- տեղեկացրեց Մելքոնյանը։

«Ըստ մեր նախագծի՝ մենք առաջարկում ենք ընդհանրապես վերացնել կտրոնը և իրականացնել փաստացի տեխնիկական զննություն, որի տվյալները կտանք ճանապարհային ոստիկանությանը, որն էլ կիրականացնի ընդհանուր օգտագործման ճանապարհներին շահագործվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ վերահսկողություն»,- հավելեց նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը։

Մինչև հիմա ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնողներից մեկն էլ «Ալբերտ Տրաս Տուր» ընկերությունն էր։ Դեռ երեք տարի առաջ իրենց ավտոբուսներից մեկը Ռուսաստանից Հայաստան վերադառնալիս վթարի էր ենթարկվել Վրաստանում: Պատճառը թեև տեխնիկական չէր, սակայն կազմակերպության տնօրենը վստահ է՝ տեխզննությունը պետք է պարտադիր դառնա բոլորի համար։

Վթարների ռիսկը նվազեցնելու և միջազգային փոխադրումների դաշտը կարգավորելու համար օրենքը խստացվել է դեռ նախորդ կառավարության օրոք։ Ըստ այդմ՝ կանոնավոր փոխադրողները պետք է ունենան արտոնագիր, ընդունող կողմի հետ պայմանագիր, տոմսերը վաճառեն ավտոկայանում, հստակ լինի երթուղին ու կանգառները։ Տրասպորտի փոխնախարարն ասում է՝ այս նորմերի կիրառումը թույլ կտա բացառել անօրինական փոխադրումները։ Ձգտում են այնպես անել, որ փոխադրման թույլտվություն չունեցողը չհատի սահմանը։

«Հենց այս մրցույթից հետո արդեն կլինի պարտադիր պայման, որպեսզի պայմանագիր ունենան ավտոկայարանների հետ, որ բոլոր փոխադրումներն իրականացվեն ավտոկայարանի միջոցով։ Մենք կբացառենք այն, երբ ամեն մեկն իր բակից կարողանում էր փոխադրում կատարել, որը պատասխանատվություն է, մի քանի տասնյակ մարդկանց կյանքի հետ է կապված։ Այսինքն՝ պետք է լինեն հստակ չափանիշներ»,- ասում է տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։

Ամենապահանջված ուղղությամբ՝ դեպի Ռուսաստան փոխադրումներ իրականացնելու համար այսուհետև թույլտվություն պետք է ունենան նաև ոչ կանոնավոր փոխադրում իրականացնողները։ Փոխադրումների քաղաքականության բաժնի պետի խոսքով՝ մեկ երթուղու համար ոչ կանոնավոր փոխադրողը պետք է վճարի 150 հազար դրամ, ստանա թույլտվություն, իսկ եթե այն չունի՝ Ռուսաստանի սահմանը չի կարող հատել:

Թե այսօր գնահատում անցած կազմակերպություններից որոնք կդառնան կանոնավոր փոխադրող, պարզ կլինի մի քանի օրից, երբ կամփոփվեն գնահատման արդյունքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG