Պետական այցով Երևանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան և տիկին Լաուրա Մատարելան Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի հետ միասին այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկա են գտնվել Մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման հայ-իտալական տարածաշրջանային կենտրոնի բացման արարողությանը:
Բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, ինչից հետո երկու երկրների նախագահները բացել են կենտրոնի անվանատախտակը և շրջայց կատարել տարածքում:
Կենտրոնը հիմնվել է հայկական և իտակալան կողմերի համատեղ նախաձեռնությամբ և նպատակ ունի իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված տարբեր, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրեր:
Հայաստանի նախագահի գրասենյակի մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Սերջիո Մատարելան Արմեն Սարգսյանին պարգևատրել է Իտալիայի բարձրագույն պարգևով՝ «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանով:
Հայաստանի նախագահը, իր հերթին, երեկ իտալացի գործընկերոջը պարգևատրել է Փառքի շքանշանով: