Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է Բաբլոյանի հայտարարության մեջ:
Բոստանջյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից է, ընդգրկված է «Ծառուկյան» խմբակցությունում:
Ըստ կանոնակարգի, պատգամավորը հրաժարականի մասին գրավոր դիմում է ներկայացնում Ազգային ժողովի նախագահին, որն այն հրապարակում է ԱԺ առաջիկա նիստում։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում պատգամավորը հետ է վերցնում հրաժարականի դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում խորհրդարանին տեղեկացնում է այդ մասին:
Եթե նշված ժամկետում հրաժարականի մասին դիմումը հետ չի վերցվում, ապա պատգամավորի լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: