Մատչելիության հղումներ

«Հակամենաշնորհային» խորհրդակցություն կառավարությունում


ՀՀ կառավարության շենքը, արխիվ
ՀՀ կառավարության շենքը, արխիվ

«Մենաշնորհ՝ դե ֆակտո, թե դե յուրե»․ այս թեմայով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցութուն է անցկացրել: Քննարկվել են տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար ու բարեխիղճ մրցակցության ապահովմանն ուղղված հարցեր:

«Մենք մտադիր ենք Հայաստանում հաստատել ներառող տնտեսական համակարգ: Սա նշանակում է, որ արձանագրում ենք իրողություն, ըստ որի՝ մինչև տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը Հայաստանում վարչական որոշումներով իրականացվել է որոշակի տնտեսական գործունեություն, դե ֆակտո, թե դե յուրե՝ տվյալ դեպքում էական չէ, և այդ ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորությունները բաշխված են եղել սահմանափակ թվով մարդկանց միջև:

Ներառող տնտեսական համակարգ ասելով մենք նկատի ենք ունենում այն, որ նախկինում այդ ոլորտնեում ընդգրկված մարդիկ ոչ թե չպետք է այլևս հնարավորություն ունենան տվյալ ոլորտներում ծավալելու գործունեություն, այլ հակառակը, գործունեության այն հատվածը, որոնք նրանց վերապահվել են իշխանական որոշումներով, պետք է, այսպես ասած, ազատականացվի և այդ մարդիկ նույնպես ու բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն՝ այդ ոլորտներում գործունեություն ծավալեն»,-իր խոսքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դեռ պատգամավոր եղած տարիներից մենաշնորհների դեմ պարբերաբար քննադատական ելույթներ ունեցած Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն վարչապետի դիրքերից հերթական անգամ վստահեցրեց՝ Թավշյա հեղափոխությունից հետո շուկայի ազատականացման հարցում քաղաքական որևէ խոչընդոտ չի լինելու: Ասաց նաև՝ ներառարական տնտեսական համակարգ ունենալու բոլոր պայմանները ստեղծված են:

Խորհրդակցությանը ներկա, տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այդ պաշտոնը դեռ 2010 թվականից է զբաղեցնում: Հենց այդ տարիներից սկսած՝ հայաստանյան ամենաբարձր ամբիոններից նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարել է, մասնավորապես, բանանի ու շաքարավազի ներկրման մենաշնորհի մասին: 3 տարի Արտակ Շաբոյանը մեկ պատասխան էր տվել՝ Հայաստանում բանանի ու շաքարավազի ներկրման մենաշնորհ չկա:

Իսկ այսօր արդեն այդ նույն հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մանրամասն տեղեկություններ է ներկայացրել վերջին ամիսներին մենաշնորհային համարված շուկաներում առկա իրավիճակի մասին: Հայաստանում գրեթե միշտ մենաշնորհային շուկայի մասին փաստարկները հերքող Շաբոյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, մասնավորապես, շաքարավազի, բենզինի և բանանի շուկաներում առկա զարգացումների մասին: Նա նշել է, որ մինչև վերջերս Հայաստանում շաքարավազի հիմնական ապաահովողը եղել է մեկ ընկերություն, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծող ընկերությունների թիվն ու շաքարավազի ներկրման խմբաքանակներն էապես ավելացել են․ արդյունքում շաքարավազի գինը նվազել է 26 տոկոսով:

Անդրադառնալով բանանի շուկային՝ հանձնաժողովի նախագահը, հակասելով իր իսկ՝ տարիներ առաջ արած հայտարարությանը, ընդգծել է, որ մինչև վերջերս շուկայի 90 տոկոսը պատկանում էր մեկ ընկերության և նրան կապակցված ընկերություններին: Ըստ պաշտոնյայի՝ առնվազն երկու անգամ էլ բանանի գներն են նվազել: Իսկ ահա բենզինի և դիզվառելիքի ոլորտում, ըստ Շաբոյանի՝ գործում են 3-4 խոշոր ընկերություններ: «Ցանկացած տնտեսվարող կարող է իրականացնել ներկրում»,-ասել է հանձնաժողովի նախագահը:

Ըստ Արտակ Շաբոյանի՝ այս ոլորտում շուկա մուտք գործող ընկերությունների համար հիմնական խնդիրը կապված է ենթակառուցվածքների հետ՝ բենզինն ու դիզվառելիքն իրացնելու առումով: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուկայում առկա է նաև թերլցումների խնդիր, ինչն առաջացնում է մրցակցային անհավասար պայմաններ։ Խնդիրներ կան նաև դիզվառելիքի ստանդարտների հետ կապված: Արտակ Շաբոյանը նշել է, որ ՏՄՊՊՀ-ն շարունակելու է այս ոլորտում ուսումնասիրությունները՝ հնարավոր հակամրցակցային գործողությունները վեր հանելու նպատակով:

Արտակ Շաբոյանը մանրամասներ է ներկայացրել նաև խոշոր սուպերմարկետների, գազալցակայանների գործունեության մասին, անդրադարձել առկա հակամրցակցային իրավիճակին և այս ոլորտում առկա խնդիրներին:

Ամփոփելով խորհրդակցութունը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Մենք պետք է մենաշնորհներ և գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չունենանք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG