Կառավարությունը չի շտապում կրճատել Երևանի ավագանու լիազորություններն ու ցրել այն։ Այս շաբաթ ո՛չ արտահերթ, ո՛չ էլ հերթական նիստում գործադիրը նման որոշում չի կայացնի։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ իրենց չշտապելը պայմանավորված չէ քաղաքական ուժերին պատրաստվելու ժամանակ տալով։ Միակ նպատակն ընտրությունները պատշաճ կազմակերպելն է, իսկ դրա համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ժամանակ է պետք։
«Ոչ մի հարց չկա, որ միտված լինի ինչ-որ բան հատուկ հարմարեցնելու։ Միակ խնդիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատրաստվածությունն է։ Եվ ժամկետներն այստեղ չեն խախտվում, ամեն ինչ բնականոն, իր հունով կհասնի, կունենանք նոր քաղաքապետ։ ԿԸՀ-ն հիմա պետք է պատվեր տա, որ դրոշմակնիքները լինեն։ Դա իրականում հեշտ պրոցես չէ: Երևան քաղաքում է կենտրոնացված հանրապետության բնակչության գրեթե կեսը, և դրան պետք է պատշաճ պատրաստվել»,- «Ազատությանն» ասաց տարածքային կառավարման նախարարը։
Սեպտեմբերին մայրաքաղաքը նշելու է հիմնադրման 2800-ամյակը, և Պապիկյանը վստահ է՝ մինչև այդ Երևանը ղեկավար կունենա։ Հիշեցնենք, ըստ օրենքի՝ քաղաքապետի հրաժարականից հետո, եթե ավագանին արտահերթ նիստում կամ դրան հաջորդող երկշաբաթյա ժամեկտում քաղաքապետ չի ընտրում, ապա կառավարությունն իրավունք ունի լուծարել ավագանին և արտահերթ ընտրություններ նշանակել։ Նախարար Պապիկյանը նկատում է՝ ավագանին ցրելու ժամկետների հարցում օրենքն իրենց չի կաշկանդում, այնպես որ՝ ավելորդ շտապողականության կարիք չկա։
Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից, երբ 7 տարվա պաշտոնավարումից հետո հրաժարական տվեց հանրապետական Տարոն Մարգարյանը։ Ու մինչ քաղաքական ուժերը չեն շտապում ներկայացնել իրենց մասնակցության ցուցակները, երեկ, առաջ անցնելով բոլորից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարեց՝ քաղաքապետի իրենց թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է։ Նա վերջերս է անդամակցել կուսակցությանը, բայց արդեն «հստակ պատկերացումներ ունի», թե ինչպիսին պետք է լինի 2800-ամյա մայրաքաղաքի ղեկավարը։
«Նա պետք է չլինի պաշտոնյա, նա պետք է լինի ձեզանից մեկը, մեզանից մեկը, մեր քաղաքացիներից մեկը, մեր քաղաքի ժողովրդից մեկը: Եվ ես լինելու եմ: Եթե իհարկե մենք հաղթենք այս ընտրություններում, ես լինելու եմ ձեզանից մեկը, և այդ աչքերով ենք նայելու մեր քաղաքին, և այդ աչքերով բոլորս միասին մեր քաղաքը բերելու ենք այն վիճակին, որ բոլորս ենք ցանկանում»,- երեկ ՔՊ վարչության նիստից հետո ասել է քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
20 տոկոսով դերասանական և 80 տոկոսով կազմակերպչական աշխատանքով զբաղվող Մարությանը երեկ չհստակեցրեց իր ծրագրային ուղղությունները՝ խոստանալով դրանք ներկայացնել առաջիկայում։
Կստարարե՞ն արդյոք Մարությանի թեկնածությունը նաև «Ելք» դաշինքի մյուս անդամ կուսակցությունները, դեռ պարզ չէ։ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններն իրենց գործընկերների հետ այս պահին քննարկում են դաշինքով մասնակցելու հնարավորությունը, տեղեկացրեց ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Իսկ ահա «Երկիր ծիրանին» հստակ որոշել է՝ մասնակցելու է առանձին ցուցակով ու այն գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը։ Արդեն այս շաբաթվա վերջին իրենց ցուցակի առաջին եռյակի անունները կհրապարակի նաև «Ծառուկյան» դաշինքը, տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը։ Ավելի վաղ նա նշել է, որ քննարկվում է նաև իր թեկնածությունը։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու «տրամադրվածություն» ունի նաև ՀՅԴ-ն, այժմ դաշնակցականները ձևաչափի և ցուցակի հետ կապված քննարկումներ են անցկացնում։
Իսկ ահա «Հայ Ազգային կոնգրեսն» այս թեմային կանդրադառնա կուսակցության վարչության առաջիկա նիստում։ Երևանի ավագանիում մանդատներ ձեռք բերելու համար պայքարի հարցը դեռ չի քննարկել Հանրապետական կուսակցությունը։