Մատչելիության հղումներ

«Մեր բոլոր քայլերը համապատասխանում են ՀԱՊԿ համաձայնագրի տառին և ոգուն»․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Խաչատուրովի ետկանչի մասին


Տիգրան Բալայան, արխիվ
Տիգրան Բալայան, արխիվ

Ե՞րբ և ո՞վ կփոխարինի Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Հայաստանի կառավարությունն արդեն նախաձեռնել է վերջինիս ետ կանչելու գործընթացը, բայց այլ մանրամասներ չի ներկայացնում։ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի փոխանցմամբ՝ հայկական կողմը շաբաթ օրն առաջարկել է կազմակերպության անդամ երկրներին՝ սկսել գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթաց. պատճառը՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ Հայաստանում սկսված քրեական հետապնդումն է։

«Մենք հավատարիմ և հանձնառու ենք այն դրույթներին, որոնք ամրագրված են ՀԱՊԿ կանոնադրության մեջ և մեր նախագահության շրջանակներում, ՀԱՊԿ-ում մեր նախագահության ժամանակահատվածներում, մեր նախաձեռնություններով ամեն ինչ արել ենք, որպեսզի ՀԱՊԿ-ն առավել ամրապնդվի և ուժեղանա, և այս քայլը հարկավոր է դիտարկել հենց այդ համատեքստում»,- «Ազատությանն» ասաց Տիգրան Բալայանը։

Անցյալ տարվա ապրիլին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակված Յուրի Խաչատուրովը, որը 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձություններին զբաղեցնում էր Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Նախորդ շաբաթավերջին ՀՔԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրեց։ Դատարանը, սակայն, որոշեց 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Խաչատուրովին։

Ըստ ԱԳՆ խոսնակի՝ դեռ ժամանակավրեպ է խոսել նոր թեկնածուի մասին։ Հայկական կողմն առայժմ սպասում է իր առաջարկի վերաբերյալ կազմակերպության որոշմանը։

«Ըստ կանոնադրության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը նշանակվում է հավաքական անվտանգության խորհրդի կողմից կոնսենսուսի հիման վրա, այսինքն՝ հավաքական անվտանգության խորհուրդը պետք է համապատասխան որոշում կայացնի, ինչ վերաբերում է թեկնածուներին և այլն, ապա այս պահին ևս ժամանակավրեպ է դրա մասին խոսելը։ Պետք է սպասենք փոխարինման մասին որոշմանը»,- «Ազատությանը» հայտնեց ԱԳՆ խոսնակը։

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը նախօրեին մեջբերելով Ռուսաստանի ԱԳՆ-ում իր անանուն աղբյուրի խոսքերը, գրել էր. «Հայաստանը զարմացնում է իր ոչ պրոֆեսիոնալ առաջարկությամբ․ եթե նա չի ցանկանում Խաչատորովին տեսնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ապա պետք է նախաձեռնի նրա լիազորությունները դադարեցնելու, այլ ոչ թե նրան փոփարինելու գործընթաց»։

«Ինտերֆաքսի» անանուն աղբյուրը, ըստ էության, ակնարկել է, որ Խաչատուրովից հետո՝ կազմակերպությունը պետք է գլխավորի այլ անդամ պետության ներկայացուցիչ։ ՀՀ ԱԳՆ խոսնակն այսօր չցանկացավ մեկնաբանել անանուն աղբյուրի այս հայտարարությունը, շեշտելով՝ հայակական կողմի գործողությունները ՀԱՊԿ կանոնադրության շրջանակում են։

«Դա բացառապես համաձայնագրի շրջանակներում է, որոնք, իմիջիայլոց, մշակվել են մեր անմիջական և ակտիվ մասնակցությամբ, և մեր բոլոր քայլերը համապատասխանում են այդ համաձայնագրի տառին և ոգուն»,- շեշտեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի աշխատավայրը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում է: Յուրի Խաչատուրովը, սակայն, ըստ իր փաստաբանի՝ այժմ Հայաստանում է և երկրից բացակայելու թույլտվության համար վարույթն իրականացնող մարմնին չի դիմել։

6 երկրներին միավորող ռազմաքաղաքական կառույցի գլխավոր քարտուղարին մեղադրանք առաջադրելը կազմակերպության հեղինակությանը չի հարվածում, կարծում է Հայաստանի ԱԳՆ խոսնակը: Խաչատուրովին փոխարինելու՝ հայկական կողմի նախաձեռնությունը, ըստ նրա, ՀԱՊԿ-ի բնականոն գործընթացը չխաթարելու նպատակ ունի։

Քաղաքագետ Հովհաննես Իգիթյանը համակարծիք է կառավարության դիրքորոշման հետ: «Ազատության» հետ զրույցում նա նկատեց՝ Յուրի Խաչատորովը պատասխանատվության է կանչվում ոչ թե ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի, այլ Հայաստանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնում կատարած արարքի համար։

Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող, զինվորական ամենաբարձր՝ գեներալ գնդապետի կոչմանն արժանացած Յուրի Խաչատուրովին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Նույն մեղադրանքն է առաջադրվել նաև ներկայումս կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու հետախուզման մեջ գտնվող՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG