Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար և բարեխիղճ մրցակցության ապահովմանն ուղղված հարցեր:
«Այսօրվա մեր քննարկման թեման լինելու է այն, ինչը Հայաստանի Հանրապետությունում հայտնի է որպես մենաշնորհ, դե ֆակտո, թե դե յուրե՝ տվյալ դեպքում այնքան էլ էական չէ: Մեր տնտեսական քաղաքականությունը հետևյալն է.մենք մտադիր ենք Հայաստանում հաստատել ներառող տնտեսական համակարգ: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ արձանագրում ենք իրողություն, ըստ որի՝ մինչև տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը Հայաստանում վարչական որոշումներով իրականացվել է որոշակի տնտեսական գործունեություն, դե ֆակտո, թե դե յուրե՝ տվյալ դեպքում էական չէ, և այդ ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորությունները բաշխված են եղել սահմանափակ թվով մարդկանց միջև:
Ներառող տնտեսական համակարգ ասելով մենք նկատի ենք ունենում այն, որ նախկինում այդ ոլորտնեում ընդգրկված մարդիկ ոչ թե չպետք է այլևս հնարավորություն ունենան տվյալ ոլորտներում ծավալելու գործունեություն, այլ հակառակը, գործունեության այն հատվածը, որոնք նրանց վերապահվել են իշխանական որոշումներով, պետք է, այսպես ասած, ազատականացվի և այդ մարդիկ նույնպես ու բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն՝ այդ ոլորտներում գործունեություն ծավալեն:
Իհարկե, միանշանակ է, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում այսպիսի իրավիճակ ստեղծելու համար քաղաքական որևէ խոչընդոտ գոյություն չունի և քաղաքական խոչընդոտներն այլևս վերացված են, ներառող համակարգ ունենալու բոլոր պայմանները ստեղծված են: Կարծում եմ՝ մենք ժամանակ առ ժամանակ պետք է իրավիճակը մոնիթորինգի ենթարկենք՝ հասկանալու համար, թե հանրության շրջանում որպես մենաշնորհված ոլորտներ հայտնի տիրույթներում ինչ է կատարվում, արդյոք այնտեղ դե ֆակտո իրավիճակի փոփոխություն ունենք, թե՝ ոչ, և եթե չունենք իրավիճակի փոփոխություն՝ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկենք, որպեսզի իսկապես կարողանանք ապահովել իրական տնտեսական»,- վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ, իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմության ներկայացուցիչները, նաև բազմաթիվ փորձագետներ, տարիներ շարունակ պնդել են Հայաստանում տնտեսական մենաշնորհների «քայքայիչ» ազդեցության մասին, հայտարարելով, որ դրա հետևանքով երկրում մեծապես տուժել է ազատ մրցակցությունը, ինչն էլ, իր հերթին, մեծ վնասներ է հասցրել փոքր և միջին բիզնեսին: