Մատչելիության հղումներ

Կարիքավոր ազատամարտիկները պնդում են, որ ՊՆ-ն ցանկանում է վռնդել իրենց ընտանիքներն առանց այդ էլ խարխուլ շենքից


Այս շենքում ապաստանած ազատամարտիների ընտանիքներին սպառնում են զրկել իրենց կացարաններից
Այս շենքում ապաստանած ազատամարտիների ընտանիքներին սպառնում են զրկել իրենց կացարաններից

Այս տարվա ապրիլից պաշտպանության նախարարության հաշվեկռում գտնվող Մուրացան 110 հասցեով շենքում բնակություն հաստատած 10-ից ավելի ընտանիքներ անելանելի դրության մեջ են հայտնվել: Ասում են՝ եթե իրենց արգելեն այդ շենքում ապրել, փողոցում կհայտնվեն: Հայատարարում են՝ որպես ազատամարտիկներ տարիներ շարունակ այդ հարցով դիմել են նախորդ կառավարությանը, բայց ապարդյուն:

Պատմեցին, որ այս լքված շենքը մտնելուց հետո տարիներ շարունակ լույսն ու ջուրն անջատել են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելուց հետո որոշ խնդիրներ լուծվել են, բայց նեղսրտում են՝ օդից կախված է մնում իրենց բնակարանների հարցը: «Բազմիցս դիմել ենք, եկել են նախկին ՊՆ պաշտոնյաներ՝ փոխնախարարներ, վարչության պետեր: Ոչ մի լուծում չառաջարկելով՝ ուղղակի ասել են՝ շենքն ազատեք: Լավ, ազատենք, վեշերն ու մեր մանր երեխեքին վերցնենք ու որ՞ այգին գնանք, ի՞նչ խորհուրդ կտաք, որ՞ կանգառը, կամ որ՞ շենքի պադվալը խորհուրդ կտաք, որտե՞ղ տեղավորենք էս մարդկանց»,- հարցեր է հնչեցնում բնակիչներից մեկը:

Այս շենքում են գործում նաև «Հայրենյաց պաշտպան ազատամարտիկների միավորումն» ու «Երդվյալ ազատամարտիկների միության» էրեբունու տարածքային բաժանմունքը: Դրանք երկուսն էլ ղեկավարում է Մանվել Խաչատրյանը, որը նույնպես իր 4 հոգանոց ընտանիքի անդամներով նույն շենքում է ապրում: Խաչատրյանն «Ազատության» տեսախցիկի առջև հերթով բացում էր լքված շենքի երկու հարկերը զբաղեցրած իր ազատամարտիկ ընկերների սենյակների դռներն ու ներկայացնում նրանց խնդիրները:

«Հաշմանդամ աղջիկ երեխա է, մայրը ազատամարտիկ ա, եղբայրը՝ առաջին գիծ Հադրութում ծառայում ա, հայր չունի, էս երեխուն ու՞ր ասենք՝ հել գնա: Նախկին փոխնախարարներից Արտակ Զաքարյանը խոստացել էր անձամբ իրենց ընտանիքին, որ վարձերը կմուծի, բնակարանով կապահովի: Սա էլ ազատամարտիկ Հովհաննիսյան Արթուրի սենյակն ա, 5 հոգանոց ընտանիքով բնակվում են էս մի սենյակում, նրա երեխան նույնպես հաշմանդամ ա: Սա էլ իմ բնակարանն ա, ես էլ եմ ազատամարտիկ, 1998, 1999 թվականներից եմ մասնակցել արցախյան ազատամարտին, 2012-ին աշխատանք չունենալու հետ կապված ընտանիքով մեկնել եմ արտագնա աշխատանքի: 2016-ի ապրիլյան քառօրյայի դեպքերի ժամանակ վերդարձել եմ, մասնակցել եմ: Մենք էլ էստեղ 4 հոգով ենք ապրում»,- պատմեց Խաչատրյանը՚

ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող այս լքված շենքում ապրող շուրջ 50 քաղաքացիներն օգտվում են բացառապես մեկ սանհանգույցից: Բնակիչներն ասում են՝ շուրջ 20 բեռնատար մեքենա աղբ են դատարկել շենքից, ընգծում են՝ թեև գրեթե ոչ ոք հիմնական աշխատանք չունի, այդուհանդերձ, պատրաստ են իրենց զբաղեցրած սենյակները սեփական միջոցներով վերանորոգել, եթե դրանք իրենց հատկացվեն: Այդ 50 բնակիչների թվում կան նաև անչափահասներ, հաշմանդումթյուն ունեցողներ, ովքեր ապրում են բաց հոսանքալաերով, բետոնե հատակով, հիմնականում առանց ապակիների պատուհաններով շենքում: Ղարաբաղյան պատերազմի մասնակից՝ «Արաբո» ջոկատի անդամ, 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Արթուրը չցանկացավ ներկայանալ ազգանունով, ասաց՝ 11 հոգով ապրում են շուրջ 30-40 քմ տարածքով սենյակում: Ընդգծեց՝ դուրս չի գալու այս շենքից: «Ով գալիս ա՝ ասում ա՝ մեկ ա ձեզ հանելու ենք: Թող գան հանեն, ո՞նց են հանելու: Սպանություն են անելու ու հանե՞ն, հարց չկա՝ հաշվենք 92-ին մեռած, թե հիմա»,- ասում է զայրացած ազատամարտիկը:

Մանվել Խաչատրյանն ասում է՝ նոր կառավարությունից գոհ են, վարչապետի օգնականներից մի քանիսը, նաև պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն է իրենց լսել: Խաչատրյանն ասաց, թե նեղսրտած են ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանից, ով, ըստ իր ձեռքի տակ ունեցած փաստաթղթի, դիմել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և գրավոր նշել՝ մի խումբ քաղաքացիներ ապօրինի զավթել են ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող շենքը:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյնան «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այդ բնակիչներից ոչ բոլորն են ազատամարտիկ, ընդգծելով՝ այդ շենքում նրանք ապրում են ապօրինի հիմունքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG