Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է


Դերասան, Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 29-ը հուլիսի, 2018թ․
Դերասան, Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 29-ը հուլիսի, 2018թ․

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն վերջերս կուսակցությանն անդամակցած դերասան Հայկ Մարությանն է։ Այդ մասին վարչության՝ մի քանի ժամ տևած նիստից հետո հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Ալեն Սիմոնյանը։

«[Քաղաքապետի թեկնածուի] ընտրությունը տեղի է ունեցել երկու փուլով։ Երկրորդ փուլ են անցել Հայկ Մարությանը և Ալեն Սիմոնյանը: Երկրորդ փուլով «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համար է ընտրվել իմ ընկեր Հայկ Մարությանը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Մարությանը ակտիվորեն մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած համաժողովրդական շարժման երթերին ու հանրահավաքներին, պարբերաբար հարթակից ելույթներ էր ունենում։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք սեպտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններում դաշինքով են հանդես գալու, թե առանձին ցուցակով, Սիմոնյանը պատասխանեց՝ այդ հարցը դեռևս չի քննարկվել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից չորս հոգի էր ինքնաառաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու՝ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, դերասան Հայկ Մարությանը, սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը և վարչապետի օգնական Սրբուհի Ղազարյանը:

Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից՝ հանրապետական, մայրաքաղաքը յոթ տարի ղեկավարած Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։

Հուլիսի 16-ին տեղի ունեցած արտահերթ նիստում ավագանին իր կազմից նոր քաղաքապետ չընտրեց, նիստը տապալվեց քվորումի բացակայության պատճառով։ Այժմ կառավարությունը պետք է ցրի ավագանին ու միաժամանակ նշանակի արտահերթ ընտրություններ: Երևանի մասին օրենքի համաձայն՝ արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG