Մատչելիության հղումներ

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարցով Հայաստանի օմբուդսմենը դիմել է միջազգային կառույցներին


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ
Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմել է միջազգային կառույցներին:

Օմբուդսմենի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Արման Թաթոյանը մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների ու միջազգային իրավապաշտպան կառույցների աջակցությունն է խնդրում Հայաստանի քաղաքացի, սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող Կարեն Ղազարյանի ֆիզիկական անվտանգության ու նրա գտնվելու մասին տեղեկություններ ձեռք բերելու, նրա վերադարձն ապահովելու հարցում:

Մարդու իրավունքների պաշտպանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ղազարյանի գերության մեջ գտնվելու ընթացքում ադրբեջանական իշխանությունները հետևողականորեն խոչընդոտում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների այցերը նրան: Թաթոյանը դա խիստ մտահոգիչ է համարում` հատկապես հաշվի առնելով Կարեն Ղազարյանի ծնողների ու այլ ազգականների անհանգստությունները նրա ֆիզիկական անվտանգության ու Ադրբեջանում նրան բռնությունների ենթարկելու հնարավորության մասին:

Չնայած ԿԽՄԿ-ի միջազգային մարդասիրական մանդատին, կազմակերպությունը՝ Կարեն Ղազարյանին տեսակցելու, և, որպես հետևանք, նրա ընտանիքը՝ նրա մասին որևէ տեղեկություն ստանալու հնարավորություն չունեն: «Այս վիճակն արդեն շարունակվում է 14 օր այն դեպքում, երբ միջազգային պահանջները սահմանում են հնարավորինս արագ, սակայն առավելագույնը յոթնօրյա ժամկետում անձի մասին տեղեկություն ստանալու նրա ընտանիքի իրավունքը: Ընդ որում, Կարեն Ղազարյանի ընտանիքը պետք է այս ժամականակահատվածում տեղեկություն ունենար նաև նրա գտնվելու վայրի մասին», - ասված է հաղորդագրությունում:

Հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հրապարակելով Տավուշի մարզի Բերդավան համայնքի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանի լուսանկարը, հայտարարել էր, թե ադրբեջանական բանակը Ղազախի շրջանում հայկական դիվերսիոն ներթափանցման փորձ է կասեցրել ու գերեվարել հայ հետախույզի։ Հայկական կողմը հերքել է այդ հաղորդումը, ընդգծելով՝ Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի բանակի հետ, առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։

Համապատասխան տեղեկությունները դեպքից անմիջապես հետո տրամադրվել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG