Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։ Այս մասին հայտնել է արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Հայաստանում մեղադրանքի առաջադրման առնչությամբ Tert.am-ի հարցին:
«Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՔԾ կողմից։ Այս առումով ի՞նչ նշանակություն է ունենալու իր՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար լինելու վրա, և ընդհանրապես ի՞նչ է լինելու ՀԱՊԿ-ի քարտուղարության հետ, այլ երկրի՞ց պետք է առաջադրվի, թե՞ մեր երկրից ինչ-որ մեկին պետք է առաջադրենք», - այս հարցին, Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն, Բալայանը պատասխանել է. - «Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ հաշվի առնելով, որ խոսքը գնում է ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին և մեծ կարևորություն տալով Կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»։
«Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման և հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին», - ընդգծել է ԱԳՆ խոսնակը:
2008-ին Երևանի կայազորի պետի, ապա՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները զբաղեցրած Յուրի Խաչատուրովին, ինչպես և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար: Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել 5 միլիոն դրամ գրավը:
Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի ապրիլի 14-ից: