Ուրբաթ օրը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» ընթացիկ գործունեությանը նվիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի կատարումը, ըստ որի՝ անհրաժեշտ էր դիտարկել հիմնադրամի կողմից նաև 2016 թվականին զոհված զինծառայողների ընտանիքներին և մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին փոխհատուցում տրամադրելու հնարավորությունը։
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ քննարկումների ընթացքում պարզ է դարձել, որ հիմնադրամի հավաքագրած ֆինանսական միջոցները բավարար են՝ լուծելու այդ խնդիրը ոչ միայն 2016, այլև 2015 թվականի համար։
Նիստի ժամանակ, որը վարել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում հավաքագրված գումարների, կատարված հատուցումների և նվիրատվությունների մասին տեղեկատվությունը։
Որոշում է կայացվել ներկայացված առաջարկները քննարկել հիմնադրամի առաջիկա հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում։
2016 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով փոխհատուցում նախատեսված է 2017-ի հունվարի 1-ից հետո մարտական գործողությունների ընթացքում տեղի ունեցած դեպքերի համար: