Դատավոր Արշակ Վարդանյանի որոշմամբ այսօր կալանքից ազատ են արձակվել Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի ևս երկու անդամներ՝ «Դեդ» մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանը և Արայիկ Հակոբյանը:
Արայիկ Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը փոխելու երաշխավորություն ներկայացրել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և Սերգեյ Բագրատյանը, իսկ Մարտիրոս Հակոբյանի խափանման միջոցը փոխարինվել է 1 միլիոն դրամ գրավով:
Այսպիսով, զինված խմբի անդամների մեծ մասը՝ շուրջ երկու տասնյակն արդեն ազատության մեջ է, առայժմ, սակայն, կալանքի տակ են «Սասնա ծռեր»-ի առանցքային անդամներ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը («Միայնակ Գայլ»), երեք ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը:
«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան:
Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղադրանք՝ պնդելով, որ ապստամբություն են արել։