Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան․ «Սա ռումբ է՝ դրված մեր պետականության տակ»


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնորոշմամբ, 2008 թվականի մարտի 1-ի արյունալի դեպքերի առնչությամբ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) կողմից իրեն ներկայացված մեղադրանքը «ամբողջությամբ հորինված է, շինծու և ունի քաղաքական ենթատեքստ»:

Քոչարյանը նման հայտարարություն է արել երեկ ՀՔԾ-ում հարցաքննությունից հետո՝ Դաշնակցության հետ կապվող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: 2008-ի մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ, հիշեցնենք, Դաշնակցությունը իշխանության մաս էր կազմում:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ «այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»:

Երեկ տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է. - «Ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանքներ են, որի մեջ ևս պարունակվում է․․․ Գիտե՞ք, ես տվյալ դեպքում հղում եմ անում հենց ՀՔԾ-ի հայտարարությանը՝ կապված Միխայիլ Հարությունյանի հետ, քանի որ այս կարգավիճակով ես կոնկրետ, այսպես ասենք, այս մասով իրավունք չունեմ բարձրաձայնելու: Բայց սա է՝ չի ճանաչվում Սահմանադրական դատարանի որոշումը, չի ճանաչվում 2008 թվի ընտրությունների արդյունքները, ըստ էության, այսպես կոչված լայն զանգվածների տրամադրությունները, էսպես ասենք, փորձում են տեղափոխել իրավական դաշտ, և, ըստ էության, ստացվում է, որ 21․5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, հաղթել է 2008 թվի ընտրությունները»: Ապա նա շարունակել է․ - «Սա է՝ բովանդակության, էսպես, խիտացված մասը այսքանն է, որը իրականությունից շատ-շատ հեռու է, որևէ առնչություն չունի, և սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է թավշյա հեղափոխության, սիրո և համերաշխության։ Ես երբեք չեմ մտածել, որ մեր իրականության մեջ կարելի է այսպիսի շինծու քրեական գործ ստեղծել»։

Ըստ Քոչարյանի` նման կերպ փորձում են «էն գլխից չեզոքացնել» իր հնարավոր մասնակցությունը սպասվող արտահերթ ընտրություններին:

«Ինձ մինչև այս կարգի մեղադրանք առաջադրելը առնվազն պետք է Կենտրոնական հանձնաժողովի կեսը արդեն բանտերում լինեին, ապացուցված լիներ, որ իրենք կեղծել են և հանցանք են գործել որոշումը կայացնելիս և առնվազն Սահմանադրական դատարանի վերաբերյալ ինչ-որ ակտեր պետք ա արդեն լինեին, ինչ-որ լուծումներ, ինչ-որ պատիժներ և այլն։ Ես դրա համար եմ ասում, որ սա ուղղակի իրավական սյուրռեալիզմ է, Կուշտունիցան երևի կերազեր մեր այս որոշման մակարդակի երևակայություն ունենար իր ֆիլմերն անելիս։ Սա վտանգավոր պահ է հենց երկրի համար: Սա ռումբ է՝ դրված մեր պետականության տակ, որովհետև Սահմանադրական դատարանի որոշումն այս ձևով վերանայումը կամ արհամարհանքը այդ որոշման նկատմամբ, ռումբ է մեր պետության տակ: Ռումբ է, որը հաստատ պայթելու է», - հայտարարել է Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ, սահմանադրական կարգի նկատմամբ 2008-ին ոտնձգություն է արել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունն արվել է հենց ընդդիմության կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից։ Իրենք են չընտրված 21.5 տոկոսով հայտարարել, որ իրենք արդեն ընտրվել են և պետք է կազմալուծեն պետական համակարգը։ Եվ, ըստ էության, թե մենք ինչ սահմանադրական կարգ ենք մենք տապալել, ուղղակի, չգիտեմ, հիվանդ երևակայություն մարդ պետք է ունենա, որ ընդհանրապես ենթադրի, որ սա հնարավոր մի բան է, անկեղծ ասեմ՝ իրավական սյուրռեալիզմի տպավորություն է թողնում այս ամենը», - հայտարարել է երկրորդ նախագահը։

«Այս իշխանությունը ճանապարհներ փակելով եկել է իշխանության, իրավական դաշտում, խոսելով օրինականությունից, ծայրահեղ ապօրինի որոշում է կայացնում», - ասել է Քոչարյանը. - «Միայն այդ ՀՔԾ-ի ղեկավարին փոխելուց հետո այսպիսի դրվագներ առաջացան։ Դա ի՞նչ է նշանակում։ Մինչ այդ, այդ նույն մարմինը քննություն է իրականացրել, լրիվ այլ...»: «Ես ապրիլի 9-ից իշխանություն չունեի, ավելին՝ այն իշխանությունների հետ հետագայում իմ հարաբերություններն էին լարված, և Դուք գիտեք՝ ես մշտապես քննադատել եմ մի շարք հարցերում», - հավելել է նա:

Քոչարյանի կարծիքով, «Մարտի 1»-ի գործում ներգրավելով բանակի նախկին բարձրաստիճան հրամանատարությանը՝ պախարակում են Զինված ուժերը: «Առաջինը բանակն է լուրջ պախարակվում այս ամենի պատճառով, որտև անտեղի, անհիմն բանակի վերնախավը, մեր մարտական, լուրջ ճանապարհ անցած զինվորականները մեղադրվում են մի հանցանքի մեջ, որոնք իրենք չեն կատարել։ Սա արդեն կոռուպցիոն գործ չի, սա Մանվել Գրիգորյանի, այսպես ասենք, սգուշչյոնկա-տուշոնկա չի, սա լրիվ ուրիշ բան է», - հայտարարել է նախկին նախագահը:

Ի պատասխան հարցի՝ ի՞նչ է պատրաստվում անել, «պայքարելու եմ մինչև վերջ», - հավաստիացրել է Ռոբերտ Քոչարյանը: «37 թիվն է դառնում, այս մեղադրանքը առաջին ազդանշանն է, որ մենք այս ուղղությամբ ենք գնում: Սա է։ Այո, վաղը չէ մյուս օր ես կարող է հայտնվեմ բանտում: Սենց ասեմ՝ կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ: Եթե մտածում են, թե փախնելու բան, ինչ, ո՞ւր պիտի փախնեմ», - հայտարարել է պաշտոնաթող նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG