Մատչելիության հղումներ

Դատարան եկավ Յուրի Խաչատուրովը․ դատական նիստը՝ ժամը 18-ին


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հատուկ քննչական ծառայությունում, Երևան, 27-ը հուլիսի, 2018թ․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հատուկ քննչական ծառայությունում, Երևան, 27-ը հուլիսի, 2018թ․

Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենք եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում ևս, ինչպես և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը: Քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

«Ազատության» հարցին՝ ընդունո՞ւմ է արդյոք Հատուկ քննչական ծառայության առաջադրած մեղադրանքը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը արձագանքեց՝ «չէ»: Լրագրողների այլ հարցերին նա չպատասխանեց և մտավ դահլիճներից մեկը:

Քիչ ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ դատական նիստը նշանակված է ժամը 18-ին: Նա նշեց, որ իր պաշտպանյալը, ըստ էության, դեռ չի կարողացել ծանոթանալ առաջադրված մեղադրանքին:

Յուրի Խաչատուրովը 2008-ի մարտիմեկյան արյունալի դեպքերի ժամանակ զբաղեցրել է Երևանի կայազորի պետի պաշտոնը, ապա նույն տարվա ապրիլին նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը նա զբաղեցնում է 2017 թվականի ապրիլի 14-ից:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG