Մատչելիության հղումներ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում ԱՆ ուսումնասիրությունների արդյունքներով՝ պետությանը հասցվել է 545 մլն դրամի վնաս


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ ղեկավար Արա Մինասյան, արխիվ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ ղեկավար Արա Մինասյան, արխիվ

Առողջապահության նախարարության (ԱՆ) ենթակա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում ԱՆ կողմից անցկացվող ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով` 2016-2018 թվականների ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության մասով պետական բյուջեին հասցված ընդհանուր վնասը գնահատվել է շուրջ 545 մլն դրամ, հաղորդում է գերատեսչությունը:

Ուսումնասիրության միջանկյալ արդյունքներն ուղարկվել են դատախազություն՝ իրավական գնահատական տալու և անհրաժեշտության դեպքում քրեական գործ հարուցելու համար։

Առողջապահության նախարարությունը հաղորդագրությունում մանրամասնում է իր բացահայտումները սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների, ստոմատոլոգիական բժշկական օգնության, վերակենդանացման ծառայության ոլորտներում:

«Սոցփաթեթի շահառուներն արտահիվանդանոցային պայմաններում անցնում են ամենամյա կանխարգելիչ բժշկական քննություն: Գրեթե բոլոր շահառուների կանխարգելիչ բժշկական քննությունները ձևակերպվել են որպես հիվանդանոցային բժշկական օգնության թերապևտիկ դեպքեր: Ուսումնասիրող հանձնաժողովի կողմից իրականացվել են մի շարք հեռախոսազանգեր, որոնց ի պատասխան` գրեթե բոլոր շահառուները հայտնել են, որ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն չեն ստացել, այլ միայն հետազոտվել են», - ասված է հաղորդագրությունում:

Մասնավորապես, ըստ առողջապահության նախարարության, 2016 թվականի համար ուսումնասիրվել է հիվանդանոցային 3 հազար 27 դեպք, որից 2 հազար 145 (71 տոկոս) դեպքը ենթակա չէր պետական բյուջեից վճարման․ պետբյուջեի վնասը գնահատվել է 423․4 մլն դրամ: Կազմակերպության պոլիկլինիկայում առկա մատյաններում գրանցված լաբորատոր-գործիքային հետազոտությունների քանակներից ավելի ներկայացված հաշվետվությունների արդյունքում պետբյուջեի վնասը գնահատվել է շուրջ 72․6 մլն դրամ, և այլն:

«Միաժամանակ կազմակերպությունում առկա են բժշկական օգնության իրականացման կազմակերպման համար հաստատված չափորոշիչների (կազմակերպության աշխատակիցների աշխատանքի վարձատրման չափորոշիչի խախտումներ, հաստատված հաստիքացուցակների և փաստացի դրույքաչափերի անհամապատասխանություններ, վառելիքի ծախսի խախտումներ) և գնումների մասին օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ», - ասված է հաղորդագրությունում:

Ուսումնասիրությունները շարունակվում են:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված խախտումների մասին անցած շաբաթ լրագրողների հետ զրույցում խոսել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Բժշկական կենտրոնի ղեկավարը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է՝ Արա Մինասյանը։

Այսօր ավելի ուշ Ֆեյսբուքում գրառմամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ տնօրենը ազատվել է աշխատանքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG