Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Շենգավիթի նստավայրում վերսկսել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Ամենայն հավանականությամբ՝ Քոչարյանը մասնակցում է դատական նիստին, թեև նա գլխավոր մուտքով չի մտել շենք:
«Մարտի 1»-ի գործի շրջանակում Հատուկ քննչական ծառայությունում հինգշաբթի օրը վկայի կարգավիճակով հարցաքննությունից հետո Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը։ ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատական նիստը գիշերը հետաձգվել էր մինչև այսօր ժամը 11-ը:
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: