Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը այսօր «Ազատությանը» ասաց, որ, ամենայն հավանականությամբ, պաշտոնաթող նախագահը գալու է դատարան: Փաստաբանն այդպես էլ չհստակեցրեց՝ Քոչարյանն արդեն ծանուցվե՞լ է, թե՞՝ ոչ:
Հայաստանի երկրորդ նախագահին կալանավորելու միջնորդությամբ դատական նիստը գիշերը հետաձգվել է և կկայանա այսօր ժամը 11-ին:
Ռոբերտ Քոչարյանին երեկ «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը։ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: