Հատուկ քննչական ծառայությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննչական գործողություն: Այս տեղեկությունը հաստատում են ՀՔԾ-ից:
Չնայած վաղ առավոտից տասնյակ լրագրողներ Հատուկ քննչական ծառայությունում շենքի դիմաց էին՝ ակնկալելով Ռոբերտ Քոչարյանից որևէ մեկնաբանություն ստանալ Մարտի 1-ի գործով տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ, այդուհանդերձ նրան տեսնել չհաջողվեց։ Պաշտոնաթող նախագահը ՀՔԾ շենք էր մուտք գործել ծառայողական մուտքով:
Հատուկ քննչական ծառայությունից չեն հստակեցնում, թե որքան է տևել երկրորդ նախագահի մասնակցությամբ քննչական գործողությունը:
Նախկին նախագահը ՀՔԾ է հրավիրվել «Մարտի 1»-ի գործով հարցաքննության: Նա այս գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:
Յուրի Խաչատուրովը մտավախություն չունի, որ կներգրավվի որպես մեղադրյալ
Այս ընթացքում ականատես եղանք նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գալուն ՀՔԾ: «Ազատության հարցին ի պատասխան Խաչատուրովը տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով է եկել: Ճշտող հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ որպես մեղադրյալ կներգրավվի գործում, պատասխանեց՝ ոչ:
Վարդգես Գասպարին ուզում էր առերեսվել Քոչարյանի հետ
Հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց էին հավաքվել նաև քաղաքացիական ակտիվիստներ: Նրանցից Վարդգես Գասպարին ասում էր, որ կոչ ունի հղելու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: - «Ես եկել եմ այստեղ մի հատ առերեսվեմ Քոչարյանի հետ, տեսնեմ ես ինչքանո՞վ եմ նման էն մարդուն, ով 2008 թվին՝ ինքը վկայում էր, որ ավտոբուսի հետևից դուրս ա գալիս, կրակում ա ոստիկանների վրա ու հետո փախնում, թաքնվում ժողովրդի մեջ», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց Գասպարին:
Քաղաքացիական ակտիվիստը նաև կարծիք հայտնեց, որ նոր կառավարությունը «վճռական է, որ այս գործը բացահայտվի»:
***
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:
2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:
Թավշյա հեղափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայության ղեկավար նշանակված Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի «Մարտի 1»-ի գործը բացահայտելու։
Այս ամսվա սկզբին ՀՔԾ-ն հաղորդեց, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։