Մատչելիության հղումներ

«Մուրացան» հիվանդանոցի աշխատակիցները բողոքում են աշխատավարձերի նվազեցումից


«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքի մի խումբ աշխատակիցներ բողոքում են, որ արդեն մի քանի ամիս է՝ իրենց աշխատավարձերն աստիճանաբար նվազում են։ Նրանք վարձատրվում են ըստ հիվանդների թվի, որը, բուժքույրերի խոսքով՝ հունվարից հետո աճել է։

«Եթե մենք ունեցել ենք 28 հիվանդ, ծայրահեղ դեպքում՝ 30 հիվանդ, մեր միջին պերսոնալի միջին աշխատավարձը կազմել է 160 հազարից 180 հազար դրամ, հիմա մենք ունենք 50 հիվանդ, երբեմն մինչև 60 հիվանդ, իսկ մեր աշխատավարձը դարձել է 120-ից 140 հազար դրամ»,- ասաց հիվանդանոցի ավագ բուժքույր Անահիտ Օհանյանը:

Պարզելու համար, թե ինչու են կրճատվել իրենց աշխատավարձերը, նրանք վարչապետին և առողջապահության նախարարին նամակ են ուղարկել: Այսօր էլ բողոքի ակցիա էին կազմակերպել։ Հիվանդանոցի ղեկավարների հետ մոտ 2 ժամ փակ քննարկներից հետո հիվանդանոցի աշխատակիցներն «Ազատությանն» ասացին, որ հստակ պարզաբանում այդպես էլ չստացան ու չհասկացան՝ ի վերջո ինչու՞ են նվազել իրենց աշխատավարձերը:

Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը հայտարարեց, թե բողոքին ավելի ուշ գրավոր պատասխան կտան, բայց վստահ է՝ աշխատավարձերի հարցում ամեն ինչ օրենքի սահմաններում է կատարվել։ «Կարծում եմ՝ համոզվել եք, որ աշխատավարձերի բաշխման մեջ որևէ սխալ չկա, ամեն ինչ արված է օրենքի տառին համապատասխան: Այլ հարց, որ դա ձեզ չի գոհացնում»,- ասաց գլխավոր բժիշկը:

Ավագ բուժքույր Անահիտ Օհանյանի խոսքով, հնարավոր է, որ որոշվի՝ սահմանել ֆիքսված աշխատավարձ, ինչին աշխատակիցները կողմ են․ «Եթե մենք ունենանք ֆիքսված բարձր աշխատավարձ, մենք այդ մեխանիզմին համաձայն ենք»: Բուժքույրը նաև հայտարարեց՝ հիվանդների թվի աճին զուգահեռ իրենք նոր աշխատակիցներ են ընդունել, մինչդեռ, դա իրենց աշխատանքային բեռը չի նվազեցրել։

Բաժանմունքի բուժքույրերի խոսքով՝ իրենց մտահոգությունները կիսում են ողջ համալիրում, սակայն բողոքի առաջին քայլն իրենք արեցին։ Վստահ են՝ եթե խնդիրը չլուծվի, իրենց շատերը կմիանան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG