Եվրասիական տնտեսական միության հիմնադրումից շուրջ երեք ու կես տարի անց էլ Կրեմլի նախաձեռնած տնտեսական կառույցը դեռ չի կարողացել հասնել մինչ միության ստեղծումը՝ անդամ-երկրների միջև գոյություն ունեցած առևտրի մակարդակին:
Միության ղեկավար մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, 2014թ․-ին՝ այսինքն միության հիմնադրման նախորդ տարում, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի ու Հայաստանի փոխադարձ առևտուրը կազմել է 61.1 միլիարդ դոլար: Հետագա տարիներին՝ 2015-ին և 2016թ․-ին, ԵՏՄ երկրների միջև առևտուրը կտրուկ անկում ապրեց: 2015թ․-ին 45.3 միլիարդ դոլար էր: 2016թ․՝ անկումը շարունակվեց․ տարեկան առևտուրը կազմեց 42.9 միլիարդ դոլար: 2017թ․-ին բացասական միտումը հաջողվեց հաղթահարել, և փոխադարձ առևտուրն աճ գրանցեց, սակայն դեռևս հեռու էր 2014թ․ մակարդակից․ այն կազմեց 54.6 միլիարդ դոլար:
Ինչ վերաբերում է այս տարվան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դեռևս հրապարակել է առաջին հինգ ամիսների տվյալները, ըստ որի միության ներսում առևտուրը կազմել է 24 միլիարդ դոլար, որը 15.1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, տարիներ անց փաստվեց՝ ԵՏՄ-ն նախևառաջ քաղաքական նախագիծ է, ոչ թե՝ տնտեսական: Հատկանշական է, որ ԵՏՄ-ում փոխադարձ առևտուրը կտրուկ անկում ապրեց արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո, որոնք հետևեցին 2014թ․ Ղրիմի բռնազավթմանը․ - «Եթե նույն ազդեցությունն ունեցավ, ինչ որ 2014 թվականին՝ այսինքն Ռուսաստանի տնտեսության կտրուկ նվազում, արտահանման ծավալների նվազում, ներմուծման ծավալների նվազում, արժույթի արժեզրկում, այդ պայմաններում, իհարկե, մեր տնտեսության վրա ազդեցությունը կլինի շատ բացասական, որովհետև ի վերջո մենք ուղղակի կապի մեջ ենք Ռուսաստանի հետ առանց Եվրասիական տնտեսական միության՝ ես նկատի ունեմ տրանսֆերտները, մեր հայկական աշխատուժը, որ ներկայացված է այնտեղ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով մեկնեց Սանկտ Պետերբուրգ, ուր մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Ավելի վաղ՝ այս երկուշաբթի, կայացել էր Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույցը, որի ժամանակ Փաշինյանն ու Պուտինը, ըստ Կրեմլի մամլո հաղորդագրության, քննարկել էին Եվրասիական տնտեսական միությանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Թե Հայաստանի նոր իշխանություններն ինչ դիրքորոշում ունեն ԵՏՄ նկատմամբ՝ հայտնի է: Անցած ամիս՝ մոսկովյան այցի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե պաշտոնական Երևանը մտադիր է միությունը դարձնել ավելի արդյունավետ․ - «Մենք արդեն հայտարարել ենք, որ Եվրասիական տնտեսական միության հետ կապված մեր գլխավոր նպատակն է միությունը և դրան մեր անդամակցությունը դարձնել ավելի արդյունավետ, որպեսզի կազմակերպությունը դառնա ավելի արդյունավետ և ավելի արդյունավետ նպաստի մեր տնտեսությունների զարգացմանը: Մենք պատրաստ ենք աշխատել այդ ուղղությամբ»:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հատկապես անցած տարի Հայաստանի առևտուրը ԵՏՄ մյուս չորս երկրների հետ կտրուկ աճ է ապրել՝ կազմելով 1 միլիարդ 859 միլիոն դոլար, որը 60.2 տոկոսով ավելի է 2014թ համեմատ: