Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի հետ քննչական գործողություններն ավարտվել են․ ՀՔԾ


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Մարտի 1-ի գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայություն որպես վկա հարցաքննության կանչված Ռոբերտ Քոչարյանի հետ քննչական գործողություններն ավարտվել են, «Ազատությանը» հայտնեցին ՀՔԾ-ից:

Իրավապահ կառույցից նաև տեղեկացնում են, որ այս պահին ընթանում են կրկին որպես վկա հարցաքննության կանչված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ քննչական գործողությունները:

Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ զբաղեցրել է Երևանի կայազորի պետի պաշտոնը, ապա 2008 թ. ապրիլի 15-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի ապրիլի 14-ից:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Թավշյա հեղափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայության ղեկավար նշանակված Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի «Մարտի 1»-ի գործը բացահայտելու։

Այս ամսվա սկզբին ՀՔԾ-ն հաղորդեց, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG