Չի եղել մի ոլորտ, որտեղ ստուգումների արդյունքում ցնցող բացահայտումներ չլինեն, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, թե պետական միջոցները վատնվում են բոլոր ուղղություններով:
«Ցավոք սրտի, առայժմ չունենք էնպիսի իրավիճակ, որ ասենք՝ այ, էստեղ ինչ-որ բան կասկածելի է թվում, գնանք տեսնենք ինչ է կատարվում, գնանք, հետ գանք, ասենք՝ չէ, ոչ մի բան էլ չի կատարվում, ամեն ինչ նորմալ է: Բառացիորեն, ես, համենայն դեպս, չեմ հիշում էդպիսի դեպք, որ որևէ տեղ մտնեն ստուգող մարմինները, և մի հատ ցնցող՝ եթե ոչ ծավալի, առնվազն՝ գործելակերպի և ցինիզմի առումով, մի հատ ցնցող բացահայտում չանեն», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ մեր բոլոր ուղղություններով մեր պետական միջոցները փոշիացվում են»:
Ուժային կառույցները՝ դատախազությունը, ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը ուսումնասիրում են բարձրաստիճան պաշտոնյաների որդիների բանակում չծառայելու դեպքերը: Վարչապետի փոխանցմամբ՝ նախնական արդյունքները խայտառակ պատկեր են արձանագրել:
«Պետք է մենք շատ վստահելի պատասխաններ ունենանք այս հարցերի շուրջ: Բայց ուզում եմ ասել, որ այս պրոցեսը չի կարող սահմանափակվել մի զորակոչի սահմաններում, դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի, և ուսումնասիրությունները ամբողջական ընթանալու են: Ցավոք սրտի, ես սա ցավով եմ ասում, նախնական տվյալներով, համենայն դեպս՝ որոշ բացահայտումներով, զորակոչի ոլորտում մենք դեռևս շարունակում ենք ունենալ չարաշահումներ, և դա ցավալի փաստ է: Ընդհանրապես զարմանալի է, որ մեր նման երկրում, այսպիսի իրավիճակում գտնվող երկրում կարող է այդ ոլորտում այսպիսի չարաշահումներ տեղի ունենալ պաշտոնատար անձանց կողմից: Սա ուղղակի խայտառակություն է», - շեշտեց Փաշինյանը:
Վարչապետը կառավարության անդամների առջև հայտարարեց, թե գնալու են բոլոր պաշտոնյաների հետևից՝ արմատախիլ անելու զորակոչի ընթացքում չարաշահումները: «Զարմանալին էն ա, որ էսքան քաղաքական հայտարարություններ են հնչում, էսքան ասում ենք, հայտարարում ենք, բարձրաձայնում ենք, ինչ-որ մարդկանց այսինքն թվում է, թե մենք կատակ ե՞նք անում, ես չեմ հասկանում: Այսինքն, էդքանից հետո գնում են պայմանավորվում են, կաշառք են տալիս, կաշառք են վերցնում, վերջում ձերբակալվում են, վերջում ասում են՝ վայ, էս ինչ եղավ: Եղավ են, ինչ որ պետք ա լինի, ինչ որ պետք ա լիներ, և լինելու ա էն, ինչ որ պետք ա լինի: Այսինքն, էլի եմ ասում, որևէ մեկը չմտածի, թե մենք որևէ կետում որևէ պատճառով կկանգնենք՝ դա չի՛ լինելու», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ես էլի ուզում եմ պաշտոնապես հայտարարեմ՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, չի՛ լինելու», - ընդգծեց Հայաստանի վարչապետը: