Մատչելիության հղումներ

«Նպատակ ունեն Մանվել Գրիգորյանին ներկայացնել որպես քաղաքական հետապնդման զոհ». Սաքունց


«Մանվել Գրիգորյանը շարունակում է խոշտանգման ենթարկվել», -այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ընդգծելով՝ նրա հիվանդությունը պատժի հետ անհամատեղելի է:

Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանի փաստաբանն իր վստահորդի առողջական վիճակի մասին խոսելիս օրինակ բերեց Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» և հետախույզ Սողոմոն Քոչարյանի դեպքերը: Երկու դատապարտյալներն էլ ծանր հիվանդություն ունեին ու մահացան ազատ արձակվելուց օրեր անց:

«Անհամատեղելի է նրա հիվանդությունը կալանքի հետ», ֊ պնդեց փաստաբանը՝ վկայակոչելով բժիշկների կարծիքները։ ֊ «Վերջինիս նկատմամբ իրականացվում է դասական խոշտանգում։ Մենք օրինակ ենք ունեցել՝ «Հաց բերողի» օրինակն ենք ունեցել, հետախույզ Սողոմոնի օրինակն ենք ունեցել»։

Լևոն Բարսեղյանը մտահոգված է՝ քանի դեռ դատարանները գերծանրաբեռնված են՝ անիմաստ է արդարադատության մասին խոսելը: Ասում է՝ կոռուպցիոն ռիսկը դատական իշխանությանն ավելի քիչ վնաս կհասցնի, քան գերծանրաբեռնված աշխատանքը: Բաղդասարյանը համամիտ չէ հնչող այն կարծիքների հետ, որ իշխանափոխությունից հետո ամեն ինչ փոխվել է ու արդեն այլ Հայաստանում ենք ապրում: Ասում է՝ ինչպես նախկինում, այսօր նույնպես շարունակում են անձին պիտակավորել իր չարածի համար:

«Լավագույն օրինակը կարող եմ բերել՝ Մանվել Գրիգորյանի դրվագով. անձին ոչ օրինական ստացած դատական ակտի առկայության պայմաններում ուղղակի մեղադրեցին զինվորի սնունդը գողանալու մեջ։ Իսկ եթե վաղը օրենքով սահմանված կարգով դատարանը վճիռ կայացնի և պարզվի, որ նա չի գողացել, մենք ի՞նչ հետևություն ենք անելու», ֊ հարց բարձրացրեց փաստաբանը։ ֊ «Օրինակները բազմաթիվ են»։

«Ազատության» հարցին՝ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ արդյո՞ք այդ բժիշկների եզրակացությունն ուղարկե՞լ են դատարան, փաստաբանն ասաց՝ ոչ, վարույթն իրականացնող մարմին՝ Հատուկ քննչական ծառայություն են ուղարկել, սակայն դեռ պատասխան չեն ստացել:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը տարակուսած է՝ ինչո՞ւ է Լևոն Բաղդասարյանն այդ մասին ասուլիսի ընթացքում բարձրաձայնում՝ դատարան դիմելու փոխարեն: Սաքունցի խոսքով՝ իրենք նախկինում ասուլիսներով էին հանդես գալիս, որովհետև դատական համակարգն ամբողջովին կախվածության մեջ էր իշխանություններից, իսկ այսօր ընդգծեց՝ իրավիճակն այլ է. ֊ «Նա պետք է դատարան ներկայացնի համապատասխան փաստաթղթերը և դատարանը պետք է որոշում կայացնի»։

Անցած ամիս Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում խուզարկությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ 62-ամյա գեներալին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: «Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «Զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին», ֊ ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։

Արթուր Սաքունցը հարցնում է՝ այս ամենից հետո փաստաբանը հասարակության կողմից ինչպիսի՞ վերաբերմունք էր ակնկալում: Սաքունցի համար անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ է Լևոն Բաղդասարայնը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին խոսելիս օրինակ բերում հաց բերող Արթուր Սարգսյանին և ցմահ ազատազրկման դատապարտված հետախույզ Սողոմոն Քոչարյանին:

«Գտնում եմ, որ ո՛չ իրավիճակն է նույնը, ո՛չ դատական իշխանության իրավիճակն է նույնը։ Շատ բան է փոխվել, ուղղակի շահարկվում է՝ չեմ հասկանում ինչու», ֊ մեկնաբանում է իրավապաշտպանը՝ հավելելով. ֊ «Ենթադրում եմ, որ նպատակ ունեն Մանվել Գրիգորյանին ներկայացնել որպես քաղաքական հետապնդման զոհ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG