Մատչելիության հղումներ

Պայթյուն Երևանի Արտաշիսյան փողոցում․ երեք մարդ հոսպիտալացվել է


Երևանի Արտաշիսյան փողոցի վրա գտնվող «Ապակու աշխարհ» խանութ-արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է տուժել: Նրանցից երկուսի՝ 46-ամյա Էդուարդ Հովհաննիսյանի և 28-ամյա Սասուն Հարությունյանի վիճակը՝ բժիշկների գնահատմամբ, ծայրահեղ ծանր է:

Պատահարից հետո «Սուրբ Աստվածամայր» և «Աստղիկ» բժշկական կենտրոններ տեղափոխված հիվանդներն այս պահին գտնվում են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում։ Տեղի մասնագետների գնահատմամբ՝ 46-ամյա Էդուարդ Հովհաննիսյանի և 28-ամյա Սասուն Հարությունյանի վիճակը ծայրահեղ ծանր է:

«Կյանքին վտանգ կա, երկու հիվանդների կյանքին էլ միանշանակ վտանգ կա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչի պաշտոնակատար Գագիկ Ներսիսյանը:

Տուժողներից երրորդը «Էրեբունի» բժշկական կենտրոնում է, վիճակը համեմատաբար ավելի լավ է, թեև կրկինգ գտնվում է վրակենդանացման բաժանմունքում:

«Ապակու աշխարհ» խանութ-արտադրամասում պայթյունի մասին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել 10.38: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ըստ ԱԻՆ մասնագետի, հրդեհ չի եղել, պայթյուն էր՝ առանց բռնկման: Հարվածի ուժից արտադրամասի պատերը մասամբ փլուզվել են:

Արտադրամասի անմիջական հարևանությամբ գործում է գազալցակայան, անցնում են նաև գազատար խողովակներ: Մասնագետները տեղում չափումներ էին իրականացնում՝ պարզելու համար կա արդյոք գազի արտահոսք, թե՝ ոչ: «Ազատության» հետ զրույցում ասացին՝ «արտահոսք չկա»:

Պայթյունի պատճառը դեռ ճշտվում է, ԱԻՆ-ը նախնական վարկած չունի:

«Պայթյունի պատճառը այս պահին հայտնի չէ, ակնադիտական ուսումնասիրություններից էլ հնարավոր չէ եզրահանգումներ կատարել, թե ինչն է պատճառը: Այս պահին անցկացվում է փորձաքննություն, արդյունքների ամփոփվելուց հետո տեղյակ կպահեն», - նշեց ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության Շենգավիթի բաժնի պետ Ահարոն Գևորգյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG