Մատչելիության հղումներ

Կուսակցությունները Երևանի ավագանու ընտրությունների հարցում դեռ վերջնական որոշումներ չունեն


Ավագանու ընտրություններ Երևանում, արխիվ
Ավագանու ընտրություններ Երևանում, արխիվ

Քանի դեռ կառավարությունը Երևանի ավագանին լուծարելու և ընտրությունների օր նշանակելու մասին որոշում չի կայացրել, կուսակցություններից շատերը չեն շտապում հստակեցել՝ մասնակցելու՞ են արդյոք ընտրություններին:

Երևանի քաղաքապետի աթոռը թափուր է հուլիսի 9-ից՝ մայրաքաղաքը յոթ տարի ղեկավարած հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո։ Երևանի ավագանու նախորդ երեք ընտրություններում ԿԸՀ տվյալներով հաղթանակ տարած ՀՀԿ-ի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն «Ազատությանը» հայտնեց, որ կուսակցությունն այդ հարցը դեռ չի քննարկել: «Նախ՝ դեռ չի որոշվել ավագանու ընտրության օրը, երբ կորոշվի, կքննարկենք, ձեզ էլ տեղյալ կպահենք»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:

Երևանի ավագանու անցած տարվա ընտրություններին չմասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս անգամ որոշել է մասնակցել ավագանու արտահերթ ընտրություններին: «Ազատության» հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ առաջիկա օրերին կհայտնեն, թե ով է գլխավորելու թեկնածուների ցուցակը: «Բազմաթիվ քննարկումներ կան, թեկնածուներ կան, ակտիվ քննարկումներ են գնում, առաջիկա օրերին ամեն ինչ շատ պարզ կլինի»,- ասաց Զոհրաբյանը, հավելելով, որ իր թեկնածությունը ևս քննարկվում է:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նույնպես չէր մասնակցել ավագանու անցած տարվա ընտրություններին: «Ազատության» հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ասաց, որ դեռևս վերջնական որոշում չունեն, սակայն տրամադրված են մասնակցել ընտրություններին: «Որոշակի նախնական քննարկումներ տարբեր ձևաչափերով ներկուսակցական իմաստով արդեն ընթանում են, ունենք տրամադրվածություն՝ անպայման մասնակցելու»,- «Ազատությանն» ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:

Փակագծեր չի բացում նաև 2017 թ․ Երևանի ավագանու ընտրությունները բոյկոտած «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը: ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցը պաշտոնական մակարդակով դեռ չեն քննարկել: «Մենք սպասում ենք, մինչև այդ հարցում որոշակիություն մտնի, դեռևս ընտրությունները նշանակված չեն, տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Ոչ պաշտոնական մակարդակում, բնականաբար, այդ հարցը քննարկվում է, բայց առայժմ՝ մասնակցել-չմասնակցելու հարցը, ոչ թե թեկնածուի»,- «Ազատությանն» ասաց Սամվել Աբրահամյանը:

Երեկ ուշ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել են քաղաքապետի ինքնաառաջադրված չորս թեկնածուներից երկուսի՝ դերասան, վերջերս ՔՊ կուսակցության անդամ դարձած Հայկ Մարությանի և վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի ծրագրերը։ Մյուս երկու թեկնածուներն են Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը։ Կուսակցության անդամները չեն բացառել, որ մինչև հուլիսի 27-ը կլինեն քաղաքապետի թեկնածուի նոր ինքնաառաջադրումներ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը չի հստակեցնում՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին հանդես կգան դաշինքո՞վ, թե առանձին ցուցակով․ «Մեկ շաբաթ սպասեք, կիմանաք»:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, եթե քաղաքապետի հրաժարականից հետո գումարված նիստում կամ դրան հաջորդող երկու շաբաթների ընթացքում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում կամ առաջադրված թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը և, միաժամանակ, նշանակում արտահերթ ընտրություններ:

Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միայն ավագանիում ներկայացված ընդդիմադիր «Երկիր Ծիրանին» էր քաղաքապետի թեկնածու առաջադրել՝ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Հուլիսի 16-ին հրավիրված արտահերթ նիստը, սակայն, չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով:

Վարչապետի մամլո խոսնակն ավելի վաղ «Ազատությանը» տեղեկացրել էր, որ արտահերթ ընտրություներից 14 օր հետո նոր առաջադրումներ չլինելու դեպքում կառավարությունը որոշում կկայացնի՝ ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և նոր ընտրություններ նշանակելու վերաբերյալ: Իսկ ավագանու արտահերթ ընտրությունը, ըստ օրենքի, կազմակերպվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG