Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում վերսկսվել է «Քեթրին Գրուպի» ու նրա հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններին առնչվող քրեական գործի վարույթը: Այդ ընկերությունները, որոնց հիմնադիրը Հանրապետական կուսակցության մեծահարուստ պատգամվոր, ԴԱՀԿ ծառայությունը ութ տարի ղեկավարած Միհրան Պողոսյանն է, կասկածվում են հարկերը թաքցնելու մեջ:
ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ կարդում ենք․ «ՊԵԿ քննչական վարչությունում դեռևս 2018 թ․ մայիս ամսին արևադարձային մրգերի ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ: Վերոգրյալի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2018 թվականի մայիսի 16-ին որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ պետությանը պատճառված վնասը վերականգնված լինելու հիմքով»:
Հարկային մարմինների հետագա աշխատանքի արդյունքում, սակայն, պարզվել է, որ արդարադատության գեներալ-մայոր և Սերժ Սարգսյանի օրոք բանանի ներկրման մենաշնորհով հայտնի Միհրան Պողոսյանի հիմնադրած ընկերությունները ամբողջովին չեն մարել պետբյուջեի առջև ունեցած հարկային պարտավորությունները: Դարձյալ մեջբերում՝ ՊԵԿ այսօրվա հաղորդագրությունից․ «Հարկային մարմնի հետագա հսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հիշյալ ընկերություններին լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների առաջադրման նոր հիմքեր, որի հիման վրա դատախազի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին: ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով վարույթը վերսկսվել է, որոշումներ են կայացվել «Քեթրին Գրուպ», «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր վերստուգումներ նշանակելու մասին: Նախաքննությունը շարունակվում է»:
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանն այսօր «Ազատությանը» դժվարացավ պարզաբանել՝ «Քեթրին Գրուպն» ու նրա հետ փոխկապակցված ընկերությունները որքա՞ն լրացուցիչ հարկեր են թաքցրել պետբյուջեից: «Ինչ վերաբերում է թվին, դա միայն որոշակի գործողություններ կատարելուց հետո է հնարավոր պարզել: Հենց այդ նպատակով էլ նշանակվել է վերստուգում»,- ասաց Բադասյանը, հավելելով՝ անհրաժեշտության դեպքում անպայման կհարցաքննեն նաև Միհրան Պողոսյանին: Վերջինս հետ այսօր կապվել չհաջողվեց, նա չէր պատասխանում հեռախոսազանգերին:
Հայտնի է, որ Պողոսյանի հետ է առնչվում «Քեթրին» հասարակական կազմակերպությունը, որը երբեմն բարեգործական ակցիաներ է իրականցնում Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում, որտեղից էլ նա ռեյտինգային ընտրակարգով ընտրվեց ԱԺ պատգամավոր: Զանգահարեցինք նաև նշված ՀԿ, բայց դարձյալ ապարդյուն:
Պատգամավոր դառնալուց մոտ մեկ տարի առաջ Միհրան Պողոսյանը հեռացել էր ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնից՝ «Պանամական փաստաթղթերի» հետ կապված օֆշորային հայտնի սկանդալից հետո: 2016 թ․ ապրիլին Միհրան Պողոսյանի վերաբերյալ ծավալուն հետաքննություն էր հրապարակել «Հետք» պարբերականը, ըստ որի, ԴԱՀԿ նախկին պետը, օգտագործելով իր պաշտոնը, օֆշորային գոտիներում գրանցած ընկերությունների միջոցով բիզնես է արել ու թաքցրել եկամուտները:
Հատուկ քննչական ծառայությունում այդ առթիվ քրեական գործ հարուցվեց: Ութ ամիս տևած քննությունից հետո, սակայն, գործը կարճվեց և այդ մասին, ի դեպ, առաջինը տեղեկացրեց ոչ թե իրավապահ կառույցը, այլ Միհրան Պողոսյանի ղեկավարած բարեգործական ՀԿ-ն: Այս մայիսին, արդեն թավշյա հեղափոխությունից հետո, Պողոսյանը հայտարարել էր՝ մտահոգվելու պատճառ չունի և ապրել է իր խղճի համաձայն: «Ընդհանրապես չեմ վախենում, երբ չկա որևէ բան, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա»,- ասել էր Պողոսյանը:
«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի համոզմամբ, այն որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ՀՔԾ-ն կարճել է գործը, պատճառն անձամբ հանրապետության երրորդ նախագահաի ցուցումն է եղել, որովհետև Միհրան Պողոսյանի մորեղբայրը, ով ԱԱԾ նախկին փոխտնօրենն էր, սերտ հարաբերությունների մեջ է եղել Սերժ Սարգսյանի հետ: «Ես կարծում եմ՝ նախագահի մակարդակով էր, որովհետև, ի վերջո, դա իրենց մտերիմ մարդիկ էին՝ Գրիշա Հարությունյանը, Միխայիլ Հարությունյանը, իրենք Սերժ Սարգսյանի մտերիմներն էին: Կարծում եմ՝ էդ մակարդակով ա եղել, ուրիշ ի՞նչ մակարդակով են փակվել գործերը Հայաստանում»,- «Ազատությանն» ասաց Էդիկ Բաղդասարյանը: