Մի խումբ հայամետ կոնգրեսականներ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հորդորում են սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հայկական հարցերով կոնգրեսական երկկուսակցական հանձնախումբը նամակը ստորագրելու նախաձեռնություն է սկսել Կոնգրեսում: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Նախաձեռնողների թվում են հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահներ Դեմոկրատական կուսակցությունից Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփայերը, հանրապետականներ Դեյվ Թրոթը, Դեյվիդ Վալըդեյոն, փոխնախագահներ հանրապետական Գուս Բիլիրաքիսն ու դեմոկրատ Ադամ Շիֆը:
ԱՄՆ-ի նախագահին ուղղված նամակի համահեղինակները նշում են, որ Հայաստանում խաղաղ ու ժողովրդավարական միջոցներով նշանակալից փոփոխություններ են տեղի ունեցել: «Թավշյա հեղափոխությունից հետո իշխանության խաղաղ փոխանցումը հստակ արտացոլում է Հայաստանի ժողովրդի կամքը, վճռական արտահայտում նրանց ցանկությունը՝ ունենալ արդար ու ավելի ժողովրդավար երկիր: Քանի որ Հայաստանը ձգտում է ավելի թափանցիկ կառավարության, ավելի ամուր ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության լայն լիազորությունների, ուստի չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգները իշխանության բոլոր մակարդակներով խորացնի կապերը տարածաշրջանի իր գործընկերոջ հետ: Անկասկած, Ձեր հանդիպումը վարչապետ Փաշինյանի հետ կնպաստի այդ նպատակին, կամրապնդի երկխոսությունը մեր երկրների միջև», - նշված է կոնգրեսականների կազմած նամակում:
ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարների միջև հանդիպում անցկացնելու հորդորից բացի, կոնգրեսականները նաև առաջարկում են, որ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի անդամները, նախարարները բարձր մակարդակի հանդիպումներ ունենան հայաստանցի իրենց գործընկերների հետ, որոնցից շատերը վերջերս են նշանակվել Հայաստանի նոր ձևավորված կառավարության անդամներ․ - «Այդ հանդիպումները կօգնեն հաստատելու կարևոր կամուրջ մեր երկրների միջև, կօգնեն մեծացնելու Հայաստանի ներգրավվածությունը միջազգային համակարգում և կնպաստեն ԱՄՆ-Հայաստան երկկողմ առևտրի ավելի համապարփակ զարգացմանը»:
Նամակում կոնգրեսականները նաև նշել են․ - «Կարծում ենք՝ թավշյա հեղափոխության խաղաղ բողոքը կարող է մոդել լինել ամբողջ աշխարհում ժողովրդավարության ձգտող երկրների համար: Հեռանկարում մենք կցանկանայինք տեսնել Հայաստանի դիվանագիտական ամուր կապերի զարգացումը մեր արևմտյան դաշնակիցների հետ և որպես ժողովրդավարական երկիր առաջընթացը Եվրասիայում»:
«Մենք կրկնում ենք մեր խնդրանքը և հորդորում Ձեզ հանդիպել վարչապետ Փաշինյանին, քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունների ապագան՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, տնտեսական զարգացման, անվտանգության, մարդու իրավունքների և ժողովրդավարության վրա», - Դոնալդ Թրամփին գրում են կոնգրեսականները՝ վերջում նշելով, որ անհամբերությամբ սպասում են նրա արձագանքին: