Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը կոշտանում է, դառնալով ինքնաբավ․ Փորձագետ


ԼՂ ՊԲ-ն զորավարժություններ է անցկացնում, արխիվ
ԼՂ ՊԲ-ն զորավարժություններ է անցկացնում, արխիվ

Փաշինյանի կառավարության օրոք Հայաստանի պաշտպանական քաղաքականությունն արմատական փոփոխության է ենթարկվում՝ դառնալով ավելի կոշտ ու ինքնաբավ, կարծում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Փորձագետի կարծիքով՝ այդ մասին է վկայում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ ագրեսիայի դեպքում Ադրբեջանին որոշիչ հակահարված կտրվի, ու Հայաստանն այլևս խաղաղություն խնդրողի կարգավիճակում չէ:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

«Հայաստանը գրեթե հասկացնում է, որ իր համբերության բաժակը լցվել է, որ ինքն այլևս չի ապավինելու երրորդ երկրների կողմից հակառակորդին զսպելու, պատժելու քայլերին, որոնք այդպես էլ չեղան ապրիլյան պատերազմից հետո, հետևաբար՝ սա ուղղակի համարենք ինքնաբավ և ավելի ինքնիշխան պաշտպանական քաղաքականություն վարել հայտ, դրա հետևանքների հստակ մատնանշումով»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ տարածաշրջանային EADaily-ին տված հարցազրույցում հատուկ անհանգստություն էր արտահայտել նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի ակտիվացման առթիվ, նշելով, որ «այդ հատվածում ռազմական պրովոկացիայի ցանկացած արտահայտում հղի է մեծ ճգնաժամի բորբոքմամբ, որը կառնչվի նաև տարածաշրջանային այլ խաղացողների»:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյան, արխիվ
Քաղաքագետ Ստեփան Սաֆարյան, արխիվ

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ պաշտպանության նախարարի այդ բացառիկ կոշտ հայտարարությունը պարտադրված է ու պայմանավորված՝ սահմանին ստեղծված իրավիճակով, սակայն դա չի նշանակում, թե հայկական կողմը դադարում է խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հարցը լուծելու կողմնակիցը լինել: «Ոչ միայն հակառակորդի զսպման դերն է իր վրա վերցնում, ինչը միջազգային հանրությունը, միջազգային դերակատարները ձախողել են, նաև Հայաստանն ուղղակի հայտ է ներկայացնում՝ հնարավոր էսկալացիայի դեպքում առանցքային որոշողներից մեկը լիենլու»,- շարունակեց Ստեփան Սաֆարյանը:

​Պաշտպանության նախարարն իր հարցազրույցում ընդգծել էր՝ «2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է և զերծ չմնալ իր զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդին տալով մասշտաբային և որոշիչ հակահարված»:

Անցած շաբաթ էլ լրագրողների հետ հանդիպմանը վարչապետը հայտարարել էր՝ «ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալու փոխզիջման»: Փաշինյանը նաև համոզմունք էր հայտնել, որ Ռուսաստանն ունի բոլոր լծակները՝ տարածաշրջանում լարվածության աճ թույլ չտալու համար, ասելով․ չի հավատում, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր և դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG