Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանը՝ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի մատուցմամբ, որից հետո թատերախումբը մեկնեց հուրախաղերի Մոսկվա, որտեղ վաղը երեկոյան Մեծ թատրոնում կներկայացնի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ի դեպ, Մեծ թատրոնում կայանալիք մեր օպերային թատրոնի այս հյուրախաղն առաջինն է 60 տարվա ընդմիջումից հետո:
Ինչպես ընդգծում էր օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանդին Օրբելյանը՝ «աա արտակարգ իրադարձություն է, ներկայացման տոմսերն ամբողջովին վաճառված են, և ողջ Մոսկվան ներկա գտնվի հայաստանյան օպերային թատրոնի այս ներկայացմանը»:
Այսօր Մոսկվայում այս առիթով ասուլիս է հրավիրվելու, իսկ վաղը երեկոյան, ըստ Կոնստանդին Օրբելյանի, «Գայանե» բալետը Մեծ թատրոնում դիտելու համար ներկա կգտնվեն մեծ թվով ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայաստանից էլ Մոսկվա կմեկնի մշակույթի նախարարը, այլ պաշտոնատարներ: Նախատեսված է, որ այս կապակցությամբ Մոսկվա կմեկնի նաև վարչապետի տիկինը: Հյուրախաղը կազմակերպել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը՝ մասնավոր անձանց հովանավորությամբ:
Աշնանն էլ, մինչ հերթական թատերաշրջանի բացումը, օպերային թատրոնի արտիստները հյուրախաղերի կմեկնեն Արաբական Միացյալ Էմիրություններ և Քուվեյթ, որտեղ կներկայացնեն Մոցարտի «Կախարդական սրինգ» և Բիզեի «Կարմեն» օպերաները: Ի դեպ՝ այդ հյուրախաղերի ֆինանսական ծախսերն ամբոջովին իր վրա է վերցրել օպերային թատրոնի ղեկավարը՝ Կոնստանդին Օրբելյանը: Նա հոգացել է ինչպես ուղևորության, այնպես էլ բեմադրության համար անհրաժեշտ տեխնիկայի փոխադրման ծախսերը:
Թատերաշրջանի փակման առիթով հրավիրած ասուլիսին Կոնստանդին Օրբելյանն ասաց, որ ինքն ամեն ինչ անում է, որ թատրոնը լավագույնն անի հանդիսատեսի համար: Օրբելյանը ցանկանում է, որ թատրոնն իրոք զարթոնք ապրի: Նրա խոսքով՝ ցավոք, ֆինանսական միջոցները բավարար չեն․ 85 մլն դրամով կրճատվել է պետական դոտացիան, թատրոնի տանիքը կաթում է, միջոցների բացակայության պատճառով չեն կարող մեծ նվագախումբ պահել, որպեսզի ամեն օր բեմադրություն ունենան: Ամռանն էլ օդափոխության համակարգը չի բավարարում: «Մեզ հաճախ հարցնում են՝ ինչու՞ ամեն օր ներկայացում չունեք: Որովհետև այստեղ չափազանց շոգ է»,- ասում է Օրբելյանը:
Ինչ վերաբերվում է օպերային թատրոնին անհրաժեշտ երիտասարդ ուժերին, ապա Կոնստանդին Օրբելյանը հավաստիացնում է, որ «հրաշալի ուժեր ունենք, որոնք կարող են զարդարել աշխարհի լավագույն թատրոնները»: Իսկ այն, որ օպերային թատրոնն այդպես էլ մինչ այժմ մանկական ներկայացումներ չի բեմադրել, ապա, Կոնստանդին Օրբելյանի խոսքով՝ դա կառավարութան քաղաքականության պատճառով է, քանի որ մանկական ներկայացումների համար պիտի գումարներ հատկացվեն:
Օրբելյանն օրերս է վերադարձել Չելյաբինսկից, որի օպերային թատրոնն, օրինակ, 10 մանկական բեմադրություն ունի խաղացանկում: Բայց Կոնստանդին Օրբելյանը հույս ունի, որ կարճ ժամանակ անց կկարողանան հաղթահարել նաև այդ խնդիրը: