Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Իրանի նախագահները կոշտ սպառնալիքներ են փոխանակում


Իրանի նախագահը Միացյալ Նահանգներին հորդորում է զգուշանալ Թեհրանի հետ պատերազմից՝ խորհուրդ տալով «չկծել առյուծի պոչը »: Դոնալդ Թրամփը «Թվիթերում» այդ հորդորին պատասխանել է կոշտ սպառնալիքներով՝ ինչի մասին գրառումը կատարել է մեծատառերով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել է «աննախադեպ հետևանքներով», եթե այդ երկիրը չդադարեցնի Վաշինգտոնի հասցեին սպառնալիքները: Թրամփն այդ մասին գրել է ՝ պատասխանելով ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի այն հայտարարությանը, թե Իրանի նկատմամբ թշնամական քաղաքականությունը կարող է հանգեցնել մեծ պատերազմի:

Դիմելով իրանցի պաշտոնակցին՝ Թրամփը մասնավորապես գրել է․ «Այլևս երբեք չսպառնաք Միացյալ Նահանգներին, այլապես կբախվեք այնպիսի հետևանքների, որին պատմության ընթացքում ոչ ոք չի բախվել: Մենք այլևս այն երկիրը չենք, որը կհանդուրժի ձեր խելահեղ խոսքերը բռնության և մահվան մասին: Զգույշ եղեք»:

Ինչպես հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը, երեկ իրանցի դիվանագետների հետ հանդիպմանը Ռոհանին մասնավորապես հայտարարել էր․ «Ամերիկան պետք է իմանա՝ Իրանի հետ խաղաղությունը բոլոր խաղաղությունների մայրն է, իսկ պատերազմն Իրանի հետ՝ բոլոր պատերազմների մայրը»:

Ռոհանին կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահին՝ վերջ տալ Թեհրանի հանդեպ թշնամական գործողություններին` ընդգծելով, որ հակառակ պարագայում Սպիտակ տունը կարող է բախվել շատ լուրջ հետևանքների: Իրանի նախագահի խոսքով՝ «ամերիկացիների կողմից հնչեցվող սպառնալիքների պայմաններում Իրանի հանրությունն ավելի միասնական է դարձել»:

Այս հայտարարությունից ժամեր անց Թրամփը «Թվիթերում» արձագանքել է դրան, իսկ ԱՄՆ պետքարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ: Մայք Փոմփեոն Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին և հոգևորականներին անվանել է «երկերեսանի քարոզիչներ», իսկ ԻԻՀ իշխանական կառույցները՝ «մաֆիա»:

Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները կտրուկ սրվեցին 2017 թվականին՝ Դոնալդ Թրամփի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելու պահից սկսած: Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը դեռևս նախագահական քարոզարշավի ընթացքում բազմիցս քննադատել, «խիստ անհաջող և ձախողված» է համարել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք կնքված պայմանագիրը, որով նախատեսվում էր հետզհետե չեղարկել Թեհրանի դեմ տնտեսական ցավոտ պատժամիջոցները, ինչի դիմաց այդ երկիրը երկարաժամկետ ապագայում պետք է հրաժարվեր ուրանի հարստացման ծրագրից:

Վեց գերտերությունները, մասնավորապես, թույլ են տվել Թեհրանին՝ վերսկսել նավթի արտահանումները, բացի այդ հանել են Իրանում ներդրումներ կատարելու արգելքը և ապասառեցրել Իսլամական Հանրապետության՝ շուրջ 100 միլիարդ դոլարի գումարներն արևմտյան բանկերում:

Այս տարվա մայիսին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս միջազգային այդ գործարքից, ինչպես նաև վերականգնում և ընդլայնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք 2015 թվականին չեղարկվել էին միջուկային համաձայնագրի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG