Մատչելիության հղումներ

Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն ազատ է արձակվել, պատճառված վնասը փոխհատուցվել է


Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը, արխիվ
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը, արխիվ

Պետությանը 3 միլիոն դրամի վնաս հասցնելու կասկածանքով ձերբակալված՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տնօրեն Արտակ Հարությունյանն ու պահեստապետ Վահագն Նալբանդյանը ձերբակալությունից երեք օր անց ազատ արձակվեցին։ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ հուլիսի 21-ին նրանք փոխհատուցել են պատճառված վնասը։

Տնօրենն ու հաշվապահը ձերբակալվել էին ինտերնատին հատկացված կաթն ու միսը վաճառելու և ստացված գումարը կազմակերպության հաշվեհամարին չմուտքագրելու կասկածանքով:

«Ազատության» հետ զրույցում տնօրեն Արտակ Համբարձումյանի փաստաբան Վարդան Համբարձումյանը պնդեց՝ ոստիկանության կողմից տուն-ինտերնատից վերցված փաստաթղթերում առկա է եղել պայմանագիր, ըստ որի՝ մսի արժեքը կազմել է 1448 դրամ, սակայն իրավապահները, չգիտես ինչու, մեկ կգ-ն հաշվարկել են 1700 դրամով: Արդյունքում՝ միջին ծանրության հանցագործություն համարվող պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման փոխարեն գործը հարուցվել է առանձնապես խոշոր չափերի յուրացման հատկանիշով։ Դա, ըստ փաստաբանի, բնութագրվում է որպես ծանր հանցագործություն։

Ուրբաթ օրը՝ «Ազատության» այցելության պահին, իրավապահները տեղում դեռ ստուգումներ էին իրականացնում։ Կենտրոնի տնօրենի տեղակալ Արմեն Ավագյանը սակավախոս էր, ասում էր՝ դժվարանում է հավատալ Քննչական կոմիտեի հայտարարություններին։ «Ես չէի սպասում նման երևույթ, որովհետև ես նման հարցերով ընդհանրապես չեմ զբաղվել, չեմ խառնվել»,- ասաց Ավագյանը:

Մեր այցելությունը կենտրոնի ղեկավարության համար անակնկալ չէր: Տուն-ինտերնատում նկարահանում անելու թույլտվության համար, օրենքով սահմանված կարգով, նախ դիմել էինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից էլ նրանց տեղեկացրել էին մեր այցի մասին: Բակում մեզ սպասում էին կենտրոնի տնօրենի տեղակալն ու ավագ բուժքույրը, վերջինիս ուղեկցությամբ շրջեցինք տուն-ինտերնատում: Ամեն ինչ կոկիկ էր ու հավաք, խոհանոցում մսով ապուր էր եփվում: Երշիկ, ձուկ, թեյ, թանապուր, վարունգ, բանան և ոչ միայն․․․ այս մթերքներն ինտերնատի բնակիչների այդ օրվա ճաշացանկում էին:

Քննչական կոմիտեն հուլիսի 19-ին հայտնել էր, որ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՊՈԱԿ-ի տնօրենն ու պահեստապետը նախնական համաձայնության գալով, ամիսների ընթացքում վաճառել են կենտրոնին մատակարարված մսամթերքից 1260 կիլոգրամ տավարի միսն ու նույն կազմակերպության անասնապահական ֆերմայից ստացված շուրջ 3569 լիտր կաթն ու դրանից գոյացած գումարը չեն մուտքագրել կազմակերպության հաշվեհամարին։ Նախնական տվյալներով՝ տուն-ինտերնատի տնօրենն ու պահեստապետն այդպիսով պետությանը 3 միլիոն դրամից ավելի վնաս են պատճառել:

Տուն ինտերնատի բնակիչներին հարցրեցի՝ վերջին անգամ, ե՞րբ են միս կերել ու կաթ խմել: Ասացին՝ չեն հիշում, որոշներն էլ պնդեցին՝ բավականին հաճախ: Երբ տուն-ինտերնատի տնօրենի տեղակալին փոխանցեցի, որ կենտրոնի բնակիչներից մի քանիսը չեն հիշում, թե վերջին անգամ երբ են միս կերել ու կաթ խմել, Ավագյանն ասաց՝ իրենց բնակիչները հիմնականում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ են, և չի բացառվում, որ չհիշեն, թե ինչ են կերել ու խմել։ Վարդենիսի տուն-ինտերնատի բնակիչներն ու աշխատակազմը միաբերան ասում էին՝ ցանկանում ենք, որ մեր տնօրենը վերադառնա, հիմնականում գովեստի խոսքեր էին հնչեցնում նրա հասցեին:

Մինչդեռ՝ տուն-ինտերնատի տնօրենը, պարզվում է, առաջին անգամ չի ձերբակալվում: Քննչական կոմիտեի արխիվներն ուսումնասիրելիս գտանք ևս մեկ տեղեկություն, ըստ որի՝ 2015 թվականին ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու, կաշառքի միջնորդության, կաշառք տալու, կաշառք ստանալու, իշխանազանցության կամ անգործության համար ձերբակալված 5 անձանցից մեկն էլ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանն է եղել: Քննչական կոմիտեի հայտարարությունում, մասնավորապես, ասված էր, որ Հարությունյանը ձերբակալվել է փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու կասկածանքով: Փաստաբանը պնդեց, որ իր պաշտպանյալի դատվածության մասին ոչ մի տվյալ իրեն հայտնի չէ։

Այս ամենի մասին տուն-ինտերնատում չէին լսել: Կազմակերպության երկարամյա գլխավոր հաշվապահ Վարդան Սահակյանն «Ազատությանն» ասաց՝ սպասում է իրավապահների վերջնական պատասխանին: Հաշվապահն ընդգծեց՝ խնդիրներ շատ ունեն: Թեև պետությունը տարեկան 900-950 մլն դրամ է հատկացնում տուն-ինտերնատին, այդուհանդերձ, աշխատավարձերը շատ ցածր են: Ասաց՝ կենտրոնի մեկ բնակչի համար ամսական հատկացվող գումարն ավելի շատ է, քան աշխատակիցների ու տնօրենի աշխատավարձը։

Խորհրդային միության փլուզումից հետո երբևէ չհիմնանորոգված ու 450 բնակիչ ունեցող այս ինտերնատում կոսմետիկ նորոգումներ ու գույքի համալրումներ պարբերաբար եղել են: Օրինակ՝ ջրագծերն են թարմացվել: Հիմնականում հոգեական առողջության խնդիրներ ունեցող բնակիչներն ապրում են ճաքճքած պատերով, խարխուլ պատուհաններով շենքում, նրանցից շատերի մահճակալներն, ըստ աշխատակիցների, վտանագվոր են․ երկաթյա են, հիմնականում՝ սուր ու մաշված ծայրերով։

Վարդենիսի տուն-ինտերնատի երիտասարդ տնօրեն Արտակ Հարությունյանն, ըստ մամուլի ու նաև ըստ տեղացիների՝ Վարդենիսի ՀՀԿ-ական համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի եղբայրն է: Նախորդ տարի, մինչ ՏԻՄ ընտրությունները, մամուլում հաղորդումներ կային այն մասին, որ Վարդենիսի ներկայիս համայնքապետ Արամ Հարությունյանը Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ու Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հովանավորյալն է:

Արտակ Հարությունյանի ու համայնքապետի մասին վարդենիսցիները կամ դրական էին արտահայտվում, կամ առհասարակ խուսափում էին որևէ բան ասել: Միայն ընդգծում էին՝ ձայների մեծամասնությամբ համայնքապետ է ընտրվել ՀՀԿ -ական թեկնածուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG