Մատչելիության հղումներ

200 մլն դոլարի սպառազինության ծրագիրը ամբողջությամբ կատարվել է, կա շարունակականություն․ Տոնոյան


Ռուսական արտադրության զինտեխնիկա Երևանում Հայկական բանակի զորահանդեսի ժամանակ, արխիվ
Ռուսական արտադրության զինտեխնիկա Երևանում Հայկական բանակի զորահանդեսի ժամանակ, արխիվ

Գերեվարումից մեկ շաբաթ անց էլ ադրբեջանական կողմը թույլ չի տվել Կարմիր Խաչի ներկայացուցիչներին այցելել Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին: Այս մասին կիրակի օրը Շիրակի մարզի Փանիկ գյուղում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ինքը գերեվարված է ու հայտարարված է Ադրբեջանի կողմից որպես զինվորական: Մենք ապացույցները ներկայացրել եք միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցչությանը, մենք տեղեկացրել ենք [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահող երկրներին դեպքի վերաբերյալ», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց նախարարը՝ շարունակելով․ - «Նաև կան որոշ գործողություններ, որոնք իրականացվել են բարեկամների կողմից՝ Կարեն Ղազարյանի բարեկամները դիմել են Եվրոպայի Մարդու իրավունքների դատարան»:

«Երեք ուղղությամբ մենք աշխատում ենք: Ցավալի է, որ Կարմիր Խաչին մինչ այժմ հնարավորություն չեն տվել այցելելու, բայց որպես անհայտ կորածների և գերիների հանձնաժողովի նախագահ՝ ես անընդհատ կապի մեջ եմ միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ, որպեսզի իրենք հնարավորինս արագ տեսակցեն մեր քաղաքացուն», - նշեց Դավիթ Տոնոյանը:

34-ամյա Ղազարյանի գերեվարման մասին տեղեկություն տարածվեց հուլիսի 15-ին: Ադրբեջանական կողմը պնդում է, թե հետախույզ է գերեվարել, հայկական կողմն էլ շեշտում է, որ Ղազարյանը կապ չունի զինված ուժերի հետ, բացի այդ՝ ունի հոգեկան առողջության խնդիրներ:

Սահմանին իրավիճակի մասին հարցին պաշտպանության նախարարը արձագանքեց․ - «Իրավիճակը վերահսկելի է, այս պահին կայուն է, ավելին չեմ կարող ասել: Կայուն է իրավիճակը»:

200 մլն դոլարի զենքը «արդիական, անգամ Ռուսաստանի սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է»

Լրագրողների մեկ այլ հարցի էլ, թե Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող զենքի քանի՞ տոկոսն է հասել, Տոնոյանը պատասխանեց․ - «Ուրեմն՝ 200 միլիոն դոլարի վարկային ծրագրով իրականացվող ծրագիրը ամբողջությամբ կատարվել է: Կա շարունակականություն»:

Քննադատությունների առնչությամբ, թե այդ զենքերը փոքր-ինչ հին են, Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը հայտարարեց․ - «Չէ, 200 միլիոն դոլարի տրված զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ Ռուսաստանի Դաշնության սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է»:

Տոնոյանը նաև հայտնեց, որ «հիմա արդեն ավարտվում է, և ոստիկանական զորքերը անցնում են նախատեղակայման վարժանք»՝ սահմանին ևս ծառայության անցնելու համար:

Համակարգում կոռուպցիոն բացահայտումների կապակցությամբ նախարարը հայտարարեց․ - «Պաշտպանության նախարարությունը մեծ ջանքեր է ներդնում հիմա, և միշտ դա եղել է, բայց հիմա՝ է՛լ ավելի թափով, քանի որ նոր իրավիճակում ենք գտնվում, նոր կառավարությունը նոր նշաձող է հաստատել: Պաշտպանության նախարարությունում բավականին մեծ աշխատանք է գնում, և կարող եմ ձեզ ուղղակի տեղեկացնել, որ ընդամենը երեկ մենք մեծ բացահայտում ենք արել զորամասերից մեկում՝ սննդամթերքի հետ կապված: Շատ մեծ վատնում է եղել, որի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG