Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, այս պահին Ադրբեջանը պատրաստ չէ քննարկելու ղարաբաղյան հարցի կարգավորման փոխզիջումային տարբերակ:
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում պատասխանելով «Ազատության» հարցին, թե ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ի՞նչ է խոսել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, համամի՞տ է արդյոք առաջին նախագահի մոտեցմանը՝ տարածքներ կարգավիճակի դիմաց, որը նաև մադրիդյան փաստաթղթում է արտացոլված, վարչապետ Փաշինյանը հայտարարեց․ - «Ինչո՞ւ ենք մենք ուզում քննարկել մեր պատրաստակամությունը փոխզիջման գնալու, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալու փոխզիջման: Երբ որ մենք ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք այդ ժամանակ կքննարկենք, ընդ որում՝ ոչ թե կառավարության մակարդակով, այլ այսպես ասած՝ ազգովի՝ մեզ համար փոխզիջման ի՞նչ սահման գոյություն ունի: Բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար»:
Բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար...Նիկոլ Փաշինյան
Միաժամանակ Հայաստանի ղեկավարը տասնյակ լրատվամիջոցների հետ հանդիպմանը մի քանի անգամ շեշտեց ղարաբաղյան հարցում Ռուսաստանի կարևորությունը՝ հայտարարելով, թե չի հավատում, որ Մոսկվան թույլ կտա պատերազմ: Համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար, Նիկոլ Փաշինյանը շեշտեց․ - «Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում»:
Հայաստանի վարչապետը հավելեց՝ «չեմ կարող հավատալ, որ Ադրբեջանի նախագահը կհամարձակվի որևէ գործողության, սադրանքի, առանց աշխարհաքաղաքական այդպիսի պայմանների առկայության»:
Վարչապետն ասաց՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ներքաղաքական հարցեր չի քննարկել:
«Առաջին նախագահը ասել է, որ ինձ հետ քննարկելու ցանկություն ունի որոշ հարցեր: Ես հրավիրել եմ նրան կառավարական առանձնատուն՝ հյուրերի ընդունելության համար նախատեսված վայրը», - մանրամասնեց նա: - «Մենք նստել ենք, սուրճ ենք խմել, զրուցել ենք, քննարկել ենք: Արցախի հարցի վերաբերյալ փորձել է ինձ տալ տեղեկություններ: Դա շատ օգտակար զրույց էր, բայց ես ասեմ, որ ինքը ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռևս հայտնի չէին»:
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկություններ է ստացել նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից՝ նրան հրավիրելով հանդիպման:
Հայաստանը հանուն ֆինանսական աջակցության ոչ մի բան չի արել և չի անելու. Նիկոլ Փաշինյան
Անդրադառնալով Եվրամիության հետ հարաբերություններին և մասնավորապես բրյուսելայն այցի ավարտին իր հնչեցրած դժգոհությանը, թե Արևմուտքը չի մեծացնում օժանդակությունը՝ չնայած հայաստանյան փոփոխություններին, Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ չի գործում Եվրոպական միության հռչակած «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը:
«Ես այս համատեքստում իմ տարակուսանքն եմ արտահայտել, որ Եվրամիության առաջարկած բանաձևը չի աշխատում հենց Եվրամիության քաղաքականության համար և ինձ համար տարակուսելի է, որ Եվրամիության մի շարք գործընկերներ (ոչ բոլորը, համենայնդեպս՝ նրանց մի մասը), ինձ հետ հանդիպումներում ասում են, որ ինչպես նախկինում՝ այսօր էլ նրանք Հայաստանում ակնկալում են փոփոխություններ», - նշեց նա:
Փաշինյանը պնդեց, որ իր կառավարությունը մեկ ամսում առանց որևէ լումա ծախսելու կոռուպցիայի դեմ պայքարում, անկախ դատարան ունենալու համար արել է ավելին, քան Եվրամիության և նախորդ իշխանության համագործակցության արդյունքում է արվել՝ ծախսելով տասնյակ միլիոնավոր դոլարներ:
Փաշինյանն ապշած է կոռուպցիայի ծավալներից
Բացահայտված կոռուպցիայի ծավալներից Նիկոլ Փաշինյանը ապշած է, ընդ որում փաստեր վարչապետի սեղանին դնում են ամեն օր:
«Դա ուղղակի աներևակայելի է՝ աներևակայելի: Եվ իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին, դա ուղղակի ծիծաղելի է կոռուպցիայի իրական մասշտաբների և թալանի իրական մասշտաբների կապակցությամբ, որ Հայաստանում տեղի է ունեցել», - նշեց վարչապետը: - «Էն օրը ես մեր պետական կառավարման մարմիններից մեկի ղեկավարին կանգնեցրել եմ, ասել եմ՝ մի շարունակի, ես չեմ կարա մի օրվա մեջ էսքան տեղեկություն ստանամ և հոգեկան հավասարակշռությունս պաշտպանեմ»:
«Որևէ մեկը չի պլստալու»,- ասաց վարչապետը պատասխանելով հարցին, թե ինչու չեն հայտնաբերվել փաստեր Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի մասին, որ նա խլել է ուրիշների բիզնեսների 50 տոկոսը, ինչի վերաբերյալ, լինելով ընդդիմադիր, բարձրաձայնել էր նաև Փաշինյանը: - «Իրավապահ մարմինների ներկայացուցիչները վերջին երկու ամիսներին ուղղակի ուժասպառության եզրին են գտնվում և նույնիսկ լինում են դեպքեր, երբ ասում են՝ իսկ չի լինի՞ գոնե կիրակի օրը, օրվա երկրորդ կեսին կոռուպցիայի դեմ չպայքարենք», - պատմեց վարչապետը:
Մարտի 1-ի գործում «լրջագույն տեղաշարժեր ունենք»
Մարտի 1-ի գործով հաջորդ շաբաթ հարցաքննության հրավիրված Ռոբերտ Քոչարյանը որպես նախկին նախագահ չունի երաշխիք, որ չի հայտնվի մեղադրյալի կարգավիճակում, թեև երկրորդ նախագահը հայտարարել է, որ խնդիր չի տեսնում ցուցմունք տալու հարցում:
«Ես չեմ կարծում, թե որևէ մեկը, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը ունի սահմանադրությամբ բացարձակ իմունիտետ, եթե պարզվի, որ նրան մեղադրանք առաջադրելու հիմք կա: Դա թյուր ընկալում է իմ կարծիքով։ Իհարկե, իրավաբանները պետք է խոսեն, բայց եթե Ձեր ասած վստահությունը կապված է այդ ընկալման հետ, ես այնքան էլ վստահ չեմ, որ դա ճիշտ ընկալում է», - մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Մարտի 1-ի գործում «լրջագույն տեղաշարժեր ունենք» և հույս հայտնելով, որ դրանք «լրջագույն արդյունքների կբերեն»:
Ինքը՝ Փաշինյանը, ով 2008-ին ընդդիմադիր շարժման առաջին շարքերում էր և մարտի 1-ից հետո անցավ ընդհատակ, ապա ազատազրկվեց, դեռ չի հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն:
Երևանի քաղաքապետի «թեկնածուների անունները շրջանառվում են մամուլում»
Տարոն Մարգարյանին վարչապետը չի հորդորել հրաժարական տալ: Երևանի քաղաքապետի թեկնածուներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քննարկում է, գուցե նաև նորից դաշինքային ձևաչափով:
«Կան թեկնածուներ և այդ թեկնածուների անունները շրջանառվում են մամուլում», - այս առնչությամբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Մամուլը գրել էր փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, պատգամավոր Ալեն Սիմոնյանի և վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դարձած դերասան Հայկ Մարությանի՝ Կարգին Հայկոյի հնարավոր առաջադրման մասին:
Նշենք, որ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից։
Փաշինյանը կվերացնի «սուպերվարչապետի» ինստիտուտը
Բալանսավորումը պետք է տեղի ունենա կառավարության և Ազգային ժողովի միջև...Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակի ընթացքում կվերացնի «սուպերվարչապետի» ինստիտուտը՝ նվազեցնելով իր իսկ լիազորությունները: Փաշինյանը ժամանակին ինքն էր քննադատել սա՝ պնդելով, որ հատուկ Սերժ Սարգսյանի համար են արվել սահմանադրական և օրենսդրական փոփոխությունները:
«Էսօրվա մեր սահմանադրությամբ Հանրապետության նախագահը ունի արարողակարգային գործառույթներ և բալանսավորումը պետք է տեղի ունենա ոչ թե նախագահի և վարչապետի միջև, բալանսավորումը պետք է տեղի ունենա կառավարության և Ազգային ժողովի միջև, որովհետև սա է խորհրդարանական համակարգի տրամաբանությունը», - շեշտեց Փաշինյանը: - «Եթե որևէ մեկը մտածում է, որ որևէ երկրում պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, դա այդ պետության վերջն է», - հավելեց վարչապետը:
Կառավարությունն արդեն քննարկում է թոշակներ և աշխատավարձեր բարձրացնելու հարցը
Ավելի քան երկու ժամ տևած ասուլիսի ընթացքում վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց՝ արդեն քննարկում են հաջորդ տարվա բյուջեն՝ թոշակներ և աշխատավարձեր բարձրացնելու համար:
«Ամեն օր դուք տեսնում եք՝ կոռուպցիոն բնույթի բացահայտումներ են տեղի ունենում և ամեն օր գումարներ են գեներացվում: Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ամփոփենք որոշակի փուլ և այնպիսի որոշում կայացնենք, որը մեզ չի ստիպի Հայաստանի պետական պարտքը ավելացնել», - մանրամասնեց վարչապետը: - «Պետական պարտքը արդեն հատում է մեր օրենքով նախատեսված վերին սանդղակը և ես չեմ կարծում, թե վարկերի անարդյունավետ ծախսման պատմությունը թողած՝ մենք պետք է նոր վարկեր ներգրավենք»: