Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին հանձնարարել է առաջիկա աշնանը Վաշինգտոն հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հինգշաբթի երեկոյան Twitter-ի իր էջում գրել էր Սպիտակ Տան մամուլի խոսնակ Սարա Սանդերսը:
Ռուսաստանի նախագահին Վաշինգտոն այցելելու հրավեր ուղարկելու մասին լուրն անակնկալ էր ոչ միայն ամերիկացի լրագրողների, այլև ուժային և հետախուզական կառույցների ներկայացուցիչների համար: Այսպես՝ Ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոսթն այս մասին տեղեկացավ լրագրողներից` Ասպեն քաղաքում կազմակերպված համաժողովի ընթացքում: Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը չէր թաքցնում զարմանքը: Քոսթը նաև նշում էր, թե չի կարող որևէ տեղեկություն հաղորդել երկու նախագահների՝ Հելսինկիում կայացած բանակցությունների մասին:
«Դուք ճիշտ եք, ես տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունեցել այդ հանդիպման ընթացքում: Որոշ բաներ նախագահն արդեն ասել է, կարծում եմ, որ մենք շուտով ավելի շատ տեղեկություն կունենանք: Ամեն դեպքում՝ եթե ինձ հարց ուղղվեր, թե ինչ էր պետք անել այդ բանակցությունների ընթացքում` ես խորհուրդ կտայի փոքր ինչ այլ մարտավարություն ընտրել: Բայց, ամեն դեպքում, դա իմ դերակատարությունն ու աշխատանքը չէ»,- հայտարարել է Միացյալ Նահանգների ազգային հետախուզության ղեկավարը:
Հիշեցնեմ՝ վերջին անգամ Ռուսաստանի նախագահը պաշտոնական այցով Վաշինգտոն է մեկնել 2007 թվականին` Ջորջ Բուշ կրտսերի նախագահության տարիներին: «Ռուսական կողմը դեմ չէ Թրամփի հրավերին», ասել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, հավելելով՝ նման բանակցությունները, սակայն, չպետք է ինքնանպատակ դառնան:
«Ռուսաստանը պատրաստ է քննարկել աշնանը Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև նոր բանակցություններ անցկացնելու առաջարկը», «Ինտերֆաքսին» ասել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անտոնովը, հավելելով․ «Կարևոր է, սակայն, ոչ թե արհեստականորեն մեծացնել հանդիպումների քանակը, այլ մանրակրկիտ կերպով նախապատրաստել դրանք` ընդհանուր խնդիրների լուծման համար»:
Ռուսաստանի նախագահին ուղղված հարվերը, ինչպես և կարելի էր ենթադրել, խիստ բացասաբար են ընդունել ամերիկյան քաղաքական շրջանակների և մամուլի ներկայացուցիչները: Թրամփի ընդդիմախոսների համոզմամբ, Սպիտակ տան ղեկավարի` Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգարովորելու ցանկությունը վնասում է ԱՄՆ ազգային շահերին: Դոնալդ Թրամփն այդ գնահատակների հետ համաձայն չէ: Այս մասին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է CNBC ալիքին տված հարցազրույցում:
«Ես շատ ավելի կոշտ դիրքորոշում եմ որդեգրել Ռուսաստանի հանդեպ, քան շատ նախագահներ տարիներ ի վեր: Նույնիսկ այս մեծ վեճը, որ ծագել է Գերմանիայի հետ, դրա մասին է վկայում: Նրանք Ռուսաստանից բնական գազ, էներգակիրներ են գնում, միլիաարդավոր դոլարներ են վճարում, իսկ մենք պետք է նրանց պաշտպանենք այդ նույն Ռուսաստանից: Դուք կարծում եք, որ իմ դիրքորշումն այս հարցում բխում է Ռուսաստանի՞ շահերից»- հարց է հնչեցրել Դոնալդ Թրամփը, թվարկելով այն բոլոր քայլերը, որ ձեռնարկել է իր վարչակազմը Ռուսաստանի դեմ:
«Նայեք այն պատժամիջոցներին, որոնք ես եմ սահմանել, տեսեք թե քանի [ռուս] դիվանագետ եմ ես արտաքսել երկրից: Որևէ մեկը նման քայլի չէր դիմել: Ռուսաստանի հետ հարկավոր է դրական, այլ ոչ թե բացասական տոնայնությամբ երկխոսություն ծավալել: Բայց եթե դա չաշխատեց` ես կդառնամ Պուտինի վատթարագույն թշնամին»,- հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը: