Մատչելիության հղումներ

«Բացառում եմ ԼՂ կարգավորման այնպիսի լուծում, որն ընդունելի չի լինի ժողովրդի համար». վարչապետ


Հայ զինվորները շփման գծում, արխիվ
Հայ զինվորները շփման գծում, արխիվ

«Ես բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար», - այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ որ ասում ենք փոխզիջումային տարբերակ, փոխզիջում, նշանակում է, որ կա երկու կողմ, որը պատրաստ է որոշակի փոխզիջումների, ես ուզում եմ հասկանանք՝ ինչու ենք մենք ուզում քննարկել մեր պատրաստակամությունը փոխզիջման գնալու, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ փոխզիջման։ Երբ որ մենք ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը նույնպես հակված է փոխզիջման, կամ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք այն ժամանակ կքննարկենք, ընդ որում՝ ոչ թե կառավարության մակարդակով, այլ, այսպես ասած, ազգովի՝ մեզ համար փոխզիջման ի՞նչ սահման գոյություն ունի», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Ես բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար։ Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը, չի կարող, եթե նույնիսկ շատ ուզենա»։

Անդրադառնալով օրերս Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը՝ Փաշինյանն այն որակեց օգտակար։

«Առաջին նախագահն ասել է, որ որոշ հարցեր ինձ հետ ցանկություն ունի քննարկելու, ես հրավիրել եմ նրան կառավարական առանձնատուն՝ հյուրերի ընդունելության համար նախատեսված վայրը, նստել ենք, սուրճ ենք խմել, զրուցել ենք, քննարկել ենք։ Արցախի վերաբերյալ ինքը փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք որ մտածել է, որ կարող են ինձ հայտնի չլինել: Դա շատ օգտակար զրույց էր, բայց ինքն ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռևս հայտնի չէին»։

Վարչապետը նշեց, որ ներքաղաքական հարցերին չեն անդրադարձել, հիմնականում քննարկել են Արցախի և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։

Անդրադառնալով բանակցություններին Ղարաբաղի մասնակցությանը, Փաշինյանը նշեց՝ առանց Արցախ ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում չի լինելու։

«Այսինքն, բոլոր աշխատանքային փաստաթղթերում արձանագրված է, որ Արցախի հարցի կարգավորման վերջնական փուլում պետք է Արցախը ներգրավված լինի պրոցեսի մեջ՝ լիարժեք։ Ես ասում եմ, որ կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք Արցախի հարցի վերջնական կարգավորման մասին, ուրեմն՝ Արցախը պետք է ներգրավված լինի, սա չի նշանակում, որ մենք չենք կարող խոսել ընդհանրապես, որովհետև կարող են լինել քննարկումներ, թեմաներ, այդ թվում՝ այս թեմայի քննարկումը։ Մենք հստակ ասել ենք հենց Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, որ մենք պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ, ես պատրաստ եմ Ադրբեջանի նախագահի հետ բանակցել, և հիմա էլ դա ասում ենք։ Բանակցության նյութ կա, և այդ նյութերին մենք պետք է ամբողջական ծանոթանանք, և այդ փուլում ենք, վերլուծենք և բանակցենք», - ասաց վարչապետը՝ նշելով. - «Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել, որպեսզի կարգավորման մթնոլորտ ձևավորվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG