Հայաստանը հանուն ֆինանսական աջակցության ոչ մի բան չի արել և հանուն ֆինանսական աջակցության ոչ մի բան չի անելու, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին։
Վարչապետը նշեց՝ տարակուսելի է, որ Եվրամիության մի շարք գործընկերներ հայտարարում են, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, նրանք Հայաստանում ակնկալում են փոփոխություններ։
«Ինձ համար զարմանալի է, որ Եվրամիությունում դեռ կան պաշտոնյաներ, ովքեր չեն նկատում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները։ Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, ես կոնկրետ օրինակներ եմ բերել՝ ես ասել եմ, որ էսօրվա կառավարությունը երկու ամսում, կամ նույնիսկ մի ամսում՝ առանց որևէ հավելյալ լումա ծախսելու, կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան Եվրամիության և Հայաստանի նախկին կառավարությունների համագործակցության ընթացքում տեղի է ունեցել տասնյակ միլիոնավոր եվրոներ ծախսելով։ Ես ասել եմ, որ այս կառավարությունը Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու համար մի շաբաթում կամ նույնիսկ մի օրում արել է ավելին, քան Եվրամիության և Հայաստանի նախկին կառավարությունների համագործակցության արդյունքում արվել է՝ ծախսելով տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Մենք սա արել ենք՝ առանց մի հավելյալ լումա ծախսելու», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց՝ ինչ որ անում են, անում են ժողովրդի տված մանդատն իրացնելու համար։
«Մենք ինչ որ անում ենք, անում ենք մեր ժողովրդի՝ մեզ տված մանդատն իրացնելու համար։ Ես ուզում եմ, որ սա հստակ լինի, և մենք մեր ուղերձները հստակ հղել ենք մեր գործընկերներին և մենք ասել ենք, որ սա է մեր դիրքորոշումը, և իրենք պետք է դիրքավորվեն մեր այս դիրքորոշման նկատմամբ», - ասաց վարչապետը։
Անցած շաբաթ բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Եվրամիության ներկայացուցիչներից մեկի հետ հանդիպմանը տարակուսանք էր հայտնել, որ հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող օգնության ծավալը չի փոխվել: Այցի ավարտին Փաշինյանը նաև հայտարարել էր, որ Եվրամիությունից լսվում են դեռևս միայն ողջունող հայտարարություններ, սակայն քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա:
Փաշինյանի հայտարարությանն արձագանքեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ ասելով, թե երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի նոր կառավարությունը հանդես գա հստակ գաղափարներով ու առաջարկներով:
Դեսպանը հավելել էր․ - «Եթե հայկական կողմը հայտարարում է, որ Եվրամիության ուղղությամբ Հայաստանի քաղաքականության մեջ փոփոխություն չկա, ինչպե՞ս կարող է Եվրամիությունը փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»: