Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների, յուրացումների փաստով հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է, դեռ մեղադրանքներ չեն առաջադրվել, երեկ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հավաստիացնելով՝ ակնհայտ եղել են հիմքեր քրեական գործ հարուցելու համար։
Դիտարկմանը, թե ըստ հեռուստաընկերության՝ հաշվարկների սխալ է եղել, ընկերությունում չարաշահումներ, յուրացումներ չեն եղել, գլխավոր դատախազն այսպես արձագանքեց. - «Իսկ եթե մյուս իրավիճակներում անձինք իրենց տրամադրության տակ չունեն հեռուստաալիքներ կամ լրատվական կայքեր, չեն կարողանում հակադարձել, դրանից պետք է չարաշահե՞լ, այսպես կոչված։ Մենք հակառակ պարզաբանումը նաև դրեցինք՝ շատ ակնհայտ է, այսինքն՝ առերևույթ հանցագործության փաստեր, որոնցով քրեական գործ հարուցելու հիմքեր պետք էին, դրանք առկա են, իսկ մնացածը կքննվի։ Քրեական գործի նախաքննության ընթացքում կպարզվի ամեն ինչը»։
Հարցին, թե այս փուլում տեսնո՞ւմ է հիմքեր, որ բանը կհասնի մեղադրանքներին, Դավթյանը պատասխանեց. - «Ես դրա մասին կարող եմ խոսել այն դեպքում, երբ որ մենք կունենանք մեղադրանք։ Էս պահին ես հավաստում եմ, որ մենք ունեցել ենք քրեական գործ հարուցելու հիմքեր, ակնհայտ առերևույթ եղել են հիմքեր, որոնք բավարար էին քրեական գործ հարուցելու համար»։
Ճշտող հարցին, թե մասնավորապես ո՞ւմ են առնչվում այդ յուրացումները՝ Ռուբեն Ջաղինյան (Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ), Մարգարիտա Գրիգորյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն), դատախազը պատասխանեց. - «Անունների մասին այս պահին չեմ կարող խոսել, որովհետև քննության ընթացքում պետք է պարզվի, թե էդ համապատասխան սխեմաների մեջ ովքեր, ինչ ներգրավվածություն են ունեցել, և ում արարքում հանցակազմ կա կամ չկա»։
Գլխավոր դատախազությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում իրականացված ստուգումներից հետո քրեական գործ է հարուցել առանձնապես խոշոր չափերով յուրացման, առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու համար:
Դատախազությունը, մասնավորապես, պարզել է, որ Հանրայինը պետությունից հատկացված գումարներով 2015-2016 թվականներին կատարել է 168․5 միլիոն դրամի ծախսեր, որոնք, սակայն, արվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթերով:
Հեռուստաընկերությունը պարզաբանել է, որ իրենց մոտ չարաշահումներ չեն եղել, այլ հաշվարկներն են սխալ կատարվել։