Մատչելիության հղումներ

Սևանի ափին նախկին պաշտոնյաների կառուցած մի շարք շինություններ ենթակա են ապամոնտաժման


Սևանա լճի գրեթե ողջ ափամերձ հատվածների առանձնատները, հյուրանոցներն ու քարե տարբեր շինությունները կառուցված են բազմաթիվ խախտումներով, «Ազատության» հետ զրույցում ասաց «Սևան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը:

«Սևան ազգային պարկի» տեղեկություններով՝ այդ շինությունների շարքում են ՀՀ նախկին ոստիկնապետեր Վլադիմիր Գասպարյանի, Ալիկ Սարգսյանի, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատները, ՀՀԿ ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հյուրանոցային համալիրներն ու առանձնատները:

«Դրանք ենթակա են կա՛մ ապամոնտաժման, կա՛մ, եթե տեսնենք, որ քաղաքաշինական նորմերը չեն խախտվել, եթե ամեն ինչը համապատասխանում է օրենքի պահանջներին, դա կարող է դառնալ նաև պետության սեփականությունը», - մանրամասնեց Վահե Գուլանյանը:

Սևանա լճի ափին կառուցված այդ առանձնատներն ու հյուրանոցները հիմնականում մեկ ընդհանուր խախտում ունեն՝ դրանք քարե պարիսպներն են, իսկ դա օրենքով արգելված է: Օրինակ՝ առանձնատներից մեկը, որը տարածքի բնակիչներին հայտնի է որպես Սեյրան Օհանյանի տուն, երկու պարիսպ ունի, մեկը՝ հենց ճանապարհի վրա, մյուսը՝ դրանից մի փոքր ներքև:

Մեկ այլ տան պարսպից, որը տեղացիներին հայտնի է որպես Վլադիմիր Գասպարյանի սեփականություն, փոքրիկ եկեղեցու գմբեթ էր երևում:

Որպես Ծառուկյանի տուն հայտնի հսկա կառույցն էլ դեռ շինարարության փուլում էր, սա նույնպես քարե պարսպով է փակված:

Ռուբեն Հայրապետյանն էլ, «Հարսնաքար» հյուրանոցային համալիրից բացի, ըստ ազգային պարկի տեղեկությունների, ևս մեկ համալիր ու տուն է կառուցել՝ կրկին քարե պարսիպներով:

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Սևան ազգային պարկի» տնօրենին հանձնարարել էր առանձնատների վերաբերյալ տեղեկություն տրամադրել, ասել էր՝ դրանց մի մասով իրավապահները կզբաղվեն: Վարչապետը ազգային պարկի տնօրենին հանձարարել է հատ-առ հատ վերանայել նաև Սևանա ափամերձ տարածքների վարձակալության պայմանագրերը: Ասաց՝ դրանք վարձակալության են հանձնվել հիմնականում ծիծաղելի գներով:

Մինչև նախորդ տարի, Սևանա լճի ափամերձ տարածքում կառուցված շուրջ 4729 ապօրինի շինություններից 800-ից ավելին ապամոնտաժվել է:

Մոտ մեկ ու կես տարի «Սևան ազգային պարկի» տնօրենի պաշտոնը զբաղեցնող Գուլանյանը ընդունեց՝ թվերը ծիծաղելի են, որովհետև նախկինում 1քմ տարածքի վարձակալության գինը 90 լումայից մինչև 100 դրամ է եղել, գինը տատանվել է՝ հաշվի առնելով նաև ընտրված հատվածը: Հիմա դիմելու են կառավարությանը, որպեսզի վարձակալության գները բարձրացվեն:

Ազգային պարկը նաև Արդարադատության նախարարության աջակցությանը կդիմի, որպեսզի կարողանան նախկին պայմանագրերն այսօրվա պահանջներին համապատասխանեցնել։ Ասաց՝ 99 տարով վարձակալության պայմանագրերն էլ այլևս ասաց գոյություն չունեն, դրանց առավելագույն ժամկետն արդեն 25 տարի է:

Վերահսկիչ պալատը «Սևան ազգային պարկում» արված ստուգումների արդյունքները անցած տարի փոխանցել էր իրավապահներին: Դատախազությունը չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցել, այն ուղարկել ՀՔԾ, որտեղից «Ազատությանը» փոխանցեցին՝ իրենք էլ քրգործը հասցեագրել են Քննչական կոմիտեին: Այս կառույցից էլ «Ազատությանն» ասացին՝ իրենց մոտ այդպիսի գործ այս պահին չկա: Խոսքը տնկարանային տնտեսության, ձկնաբուծարանի և անտառտնկումների մասով Վերահսկիչ պալատի ստուգումների մասին է: Անտառտնկումների մասով Վահե Գուլանյանն ասաց՝ հերյուրանք է․- «Բայց, համենայնդեպս, ընդունում եմ, որ ամենավատ աշխատող կազմակերպությունը մենք էինք և այստեղ կար խախտումներ: 1.5 միլիարդ շրջանառության մեջ 3-ից 5 միլիոն դրամի թերի աշխատանքներ էինք արել: Միգուցե: Ազգային պարկում մեկ քառակուսի մետր պակաս անտառ չի տնկվել: Ինչ կա՝ այդ մասով բոլորը հերյուրանք է և սուտ տեղեկություններ»:

Վահե Գուլանյանը նաև վստահ է՝ եթե ԱԱԾ-ն այցելի իրենց, ինքը որևէ խնդիր չի ունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG