Աբովյան 7 հասցեում՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի սկզբնամասում, բացվել է «Զանգակ» երկհարկանի գրատունը: Այն կարող է դառնալ ընթերցասեր հանրության ամենասիրված վայրերից մեկը:
«Նախաձեռնությունը մեկ տարի առաջ էր եղել: Միտքը ծնվել էր «Զանգակ» հրատարակչության տնօրենի՝ Էմին Մկրտչյանի և Արմեն Ամիրյանի (մշակույթի նախարար) քննարկումների ժամանակ», - պատմեց նորաբաց գրատան տնօրեն Արմեն Գասպարյանը: - «Գրականությունը, որը վաճառվելու է, խիստ բազմազան է լինելու: Լինելու են այստեղի հրատարակիչներից վերջին տարիներին հրատարակված գրեթե բոլոր գրքերը: Լինելու են ներկրված ռուսալեզու և անգլալեզու գրքեր: Այսինքն՝ ոչ թե լինելու են, այլ կան արդեն: Ու մեքն այս պահին ունենք գրատանը մոտավորապես 11,000 անուն գիրք»:
Գրականագետ, թարգմանիչ Արամ Թոփչյանի համոզմամբ այս նոր գրատան բացումը մեր քաղաքի կյանքում մի շատ նշանակալից իրադարձություն է, որը չի կարող անտարբեր թողնել մեր համաքաղաքացիներին: - «Ոչ հեռավոր անցյալում մենք ցավով տեսնում էինք, թե ինչպես են մեկը մյուսի հետևից մեր սիրելի գրախանութները փակվում: Բայց հիմա, արի ու տես՝ սկսվել է նաև հակառակ պրոցեսը, ստեղծվում են նոր գրախանութներ և այդ պրոցեսի պսակներից մեկը կարելի է համարել այս հրաշալի գրախանութը»:
«Զանգակ» գրահրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանի խոսքով էլ․ - «Մեզ համար տարիներ շարունակ խնդիր է եղել հասնել ընթերցողին: Ճանապարհները՝ շատ ժամանակ, կտրվել են, ստեղծվել են նոր գրախանութներ, փակվել են որոշ գրախանութներ՝ ցավոք սրտի, և մինչ օրս մեզ համար խնդիր է հասնելու ընթերցողին: Եվ գիտեք, որ 2012 թվականին բացվեց մեր գրախանութը Արաբկիր թաղամասում: Եվ մեր ընթերցողները միշտ մեզ հարցնում էին՝ ե՞րբ է նմանատիպ գրախանութ ստեղծվելու քաղաքի կենտրոնում: Եվ այսօր մենք ուրախությամբ ներկայացնում ենք, վստահ, որ պիտի գնահատվի կատարված աշխատանքը»: