ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ցանկանում է գլխավորել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որն արդեն 16 տարի ղեկավարում է նախկին հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։ Հանրությանը վերջին շրջանի աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումներով հայտնի ԱԱԾ տնօրենն ասում է՝ վերջնական որոշումը կհայտնի առաջիկա օրերին։
«Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնելու վերջնական որոշում դեռևս չունեմ: Չեմ թաքցնի, նման ցանկություն ունեմ և մտածում եմ այդ ուղղությամբ»,- այսօր լրագրողներին ասաց Վանեցյանը:
Սեպտեմբերին տեղի կունենա Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունը։ 2002 թվականից կազմակերպությունը գլխավորող Հայրապետյանը նախօրեին հայտարարեց՝ ֆեդերացիայի նախագահի լավագույն թեկնածուն ԱԱԾ տնօրենն է, եթե նա աջադրվի, ապա ինքը կլքի պաշտոնն ու կսատարի Վանեցյանի թեկնածությունը։ Այս խոսքերից շաբաթներ առաջ, սակայն, նույն Հայրապետյանը հայտարարում էր՝ հեռանալ չի պատրաստվում։ «Չկա մի մարդ, որ ինձ կարա պարտադրի՝ ես հեռանամ»,- ասել էր Հայրապետյանը:
Թե ինչն է այս կտրուկ շրջադարձի պատճառը՝ ԱԱԾ տնօրենը չգիտի, թեև չի թաքցնում, որ վերջին հայտարարությունից հետո հանդիպել է Ռուբեն Հայրապետյանին։ ԱԱԾ տնօրենը նաև ասաց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսներում ստուգումներ չեն իրականացրել: Հարցին՝ պայմանավորվածություն եղե՞լ է, որ ԱԱԾ-ն ստուգումներ չի անում՝ պայմանով, որ Հայրապետյանն էլ հրաժարվում է ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, Վանեցյանն արձագանքեց՝ նման բան չի կարող լինել: Թե ինչու է Հայրապետյանը պատրաստվում հրաժարվել այդ պաշտոնից, Վանեցյանը խորհուրդ տվեց հետաքրքրվել հենց նրանից:
ԱԱԾ տնօրենը հայտարարում է՝ կառաջադրվի, եթե ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները նման ցանկություն հայտնեն։ «Եթե ակումբները կցանկանան միասնական թեկնածու առաջադրել և ինձ կտեսնեն, որպես այդպիսի թեկնածու, ես շատ մեծ սիրով կընդունեմ առաջարկը»,- ասաց Արթուր Վանեցյանը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից դժգոհող հայկական ֆուտբոլային ակումբներն անմիջապես արձագանքեցին Վանեցյանի այսօրվա հայտարարությանը։ Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» հայտարարում է՝ լիովին պաշտպանում ենք Արթուր Վանեցյանի թեկնածությունը, նրա ընտրվելու դեպքում, պատրաստ է ամեն ինչ անել՝ հանուն մանկապատանեկան, ինչպես նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլի առաջընթացի։
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ Հայաստանի չեմպիոնի տիտղոսից զրկված «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նույնպես աջակցելու է Վանեցյանին։ Ակումբի հանրային կապերի վարչության ղեկավար Աննա Թադևոսյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ԱԱԾ տնօրենը վերջ կդնի Հայրապետյանի աշխատասենյակում չեմպիոնի հարցը որոշելու գործելաոճին։
«Երկրպագուների առաջին ճակատի» (ՖԱՖ) նախաձեռնող խումբը ևս ողջունում է Վանեցյանի հնարավոր առաջադրումը։ ԱԱԾ տնօրենը պետք է ժամանակավորապես գլխավորի ֆեդերացիան, վերացնի ոլորտի կոռուպցիան ու նախագահի պաշտոնը փոխանցի ֆուտբոլի անվանի անձանցից մեկին, նշում են ՖԱՖ-ի տղաները։
Սեպտեմբերի սկզբին Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Ազգերի լիգայի մրցաշարում։ Երկրպագուները շեշտում են՝ հաղթանակների կարոտ հավաքականին նոր շունչ տալու համար Հայրապետյանի հետ ֆեդերացիայից պետք է հեռանան նաև գործադիր կոմիտեի անդամները, որոնց թվում են, օրինակ, պրոֆեսիոնալ ֆուտբոլի հետ կապ չունեցող՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Ֆեդերացիայի նոր նախագահի հավանական թեկնածու Վանեցյանն այս հարցում երկրպագուների հետ համամիտ է՝ «գործկոմն ամբողջությամբ կփոխվի»: