Մատչելիության հղումներ

ԱՆ-ն խախտումներ է հայտնաբերել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. նախարար


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ղեկավար Արա Մինասյան, արխիվ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ղեկավար Արա Մինասյան, արխիվ

Առողջապահության նախարարությունը խախտումներ է հայտնաբերել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նշենք, որ կենտրոնի ղեկավարը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է՝ Արա Մինասյանը։

Մասնավորապես, ըստ Արսեն Թորոսյանի, բուժում չստացած հիվանդների համար պետությունից գումարներ են գանձվել։ Խոսքն այս դեպքում 300 միլիոն դրամի կամ ավելի քան 600 հազար դոլարի մասին է:

«Խախտումներ հայտնաբերվել են, խախտումների հիմնական բնույթն՝ ամենամեծ ծավալը, դա չբուժված հիվանդների համար գանձված գումարներն են, երբ որ հիվանդները չեն պառկել հիվանդանոց, չեն ստացել բուժօգնություն, բայց պետությունից գումարներ են գանձվել։ Միջանկյալով մենք էս պահին մոտ 300 միլիոն դրամի արդեն նման դեպք ենք հայտնաբերել։ Խոսքը, մասնավորապես, սոցփաթեթի ծրագրի մասին է. 2016 թվականին մարդիկ պետք է անցնեին կանխարգելիչ բուժզննություն, որի համար պետությունը վճարում է 8 հազար դրամ, էդ մարդկանց մոտ 90 տոկոսը ձևակերպվել է նաև ստացիոնար բուժման և յուրաքանչյուրի համար գանձվել է 100-ից 200 հազար դրամ՝ 8 հազարի փոխարեն», - ասաց նախարարը։

Թորոսյանը տեղեկացրեց, որ խախտումների մասին փաստերն ուղարկել են Գլխավոր դատախազություն:

«Խախտումների մասին հաղորդագրությունն արդեն ուղարկվել է դատախազություն՝ պարզելու համար՝ արդյոք կա՞ն քրեական գործի տարրեր», - ասաց նախարարը։

Տես նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG