Մատչելիության հղումներ

Նախկին նախագահի խնամու՝ Արա Մինասյանի գլխավորած ԲԿ-ում 300 միլիոնի խախտումներ են հայտնաբերվել․ Նախարար


Արսեն Թորոսյան, 19-ը հուլիսի, 2018 թ․
Արսեն Թորոսյան, 19-ը հուլիսի, 2018 թ․

Վատիկանում Հայաստանի դեսպան, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հոր՝ Արա Մինասյանի գլխավորած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արդեն 300 միլիոն դրամի խախտումներ են հայտնաբերվել: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ խախտումների մասին տեղեկությունները փոխանցվել են դատախազություն, պարզելու՝ արդյո՞ք կա քրեական գործ հարուցելու հիմք: «Խախտումների հիմնական մասը վերաբերում է չբուժված հիվանդների համար գանձված գումարներին․ հիվանդները չեն պառկել հիվանդանոցում, չեն ստացել բուժօգնություն, բայց պետությունից գումարներ են գանձվել: Այս պահին արդեն մոտ 300 միլիոն դրամի նման դեպքեր ենք հայտնաբերել»,- ասաց Թորոսյանը:

Նա պարզաբանեց՝ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող բժշկական կենտրոնում խախտումներն իրականացվել են պետության ֆինանսավորմամբ 2016 թվականին տրամադրված սոցիալական փաթեթների ծրագրի շրջանակում: «Մարդիկ պետք է անցնեն կանխարգելիչ բուժքննություն, որի համար պետությունը վճարում է 8 հազար դրամ, բայց այդ մարդկանց մոտ 90 տոկոսը ձևակերպվել է նաև ստացիոնար բուժում ստացող, նրանց համար գանձվել է 100-ից 200 հազար դրամ յուրաքանչյուրի համար»,- մանրամասնեց նախարարը:

Շուրջ մեկ ամիս առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր «միլիոններ մսխած առողջապահական օլիգարխիայի» մասին, պնդելով, որ կարող է անուններ տալ: Թորոսյանն այսօր ընդգծեց՝ բացի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի գլխավորած ԲԿ-ից, հավանական է, որ խախտումներ են եղել բժշկական այլ խոշոր հիմնարկներում ևս, ու այժմ ստուգումներ են ընթանում:

«Մի քանի օր առաջ ֆիզիոթերապիայի ինստիտուտն ենք սկսել ստուգել, երեկ մի հրաման եմ ստորագորել, որով սահմանել ենք բուժհաստատությունների ցանկ, որոնց կկարողանանաք նույնիսկ օպերատիվ կերպով ստուգել»,- ասաց Թորոսյանը:

Շուրջ մեկ շաբաթ առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցների անունից հայտարարություն էր տարածվել, որով նրանք աջակցություն էին հայտնում կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին: Միևնույն ժամանակ, հայտարարության հեղինակները առողջապահության նախարարության գործողությունները որակել էին Մինասյանի դեմ սկսված «քաղաքական արշավ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG