Մատչելիության հղումներ

Հայ-իրանական երկաթուղու կառուցման ծրագիրը «հետագայի հարց է»․ Նախարար


Հայ-իրանական երկաթուղու կառուցումը Հայաստանի նոր կառավարության օրակարգի առաջնային կետերից չէ, որովհետև երկիրը ֆինանսապես ի վիճակի չէ կյանքի կոչել նման նախագիծ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Նրա կարծիքով, այդ նախագիծն, իրականում, առաջնային չի եղել նաև նախորդ կառավարությունների օրակարգում: «Այդ ծրագիրն այս պահին ընդամենը դեռ նպատակ է, որևէ նախագիծ չկա: Կան ուսումնասիրություններ, և այդ երկաթգծի կառուցումը մեծ գումարներ է նախատեսելու: Հետևաբար՝ այս պահին մոտակա պլաններում նման բան չունենք»,- ասաց Աշոտ Հակոբյանը:

Նախարարի խոսքով, նման երկաթգծի կառուցումը ներկայումս կարժենա մոտ 3,5 միլիարդ դոլար, և առայժմ նման գումար հայթայթելու հնարավորություն չկա: «Նպատակը լավն է, և կախված երկրի զարգացումից՝ եթե հետագայում հնարավորությունները թույլ տան, իհարկե՝ կարել է գնալ դրան, բայց հիմա դա առօրեական չէ»,- ասաց Հկոբյանը:

Հայ-իրանական երկաթգծի կառուցման մասին 10 տարի առաջ՝ 2008 թ․ հոկտեմբերին հայտարարեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Ելույթ ունենալով խորհրդարանում՝ ժողովրդին և Ազգային ժողովին հղած իր ուղերձում այն ժամանակ նորընտիր նախագահ Սարգսյանը հրապարակավ խոստացավ․ «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել, առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը: Առաջիկա ամիսների ընթացքում Համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու: Հարցնում եք` կկարողանա՞նք, պատասխանում եմ, որ կկարողանանք: Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք»:

Հանրապետական կուսակցության առաջնորդը, սակայն, երկու անգամ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր հայտարարած երեք ռազմավարական ծրագագրերից ոչ մեկը չիրագործեց՝ նոր ատոմակայանի կառուցումը թղթի վրա է, հայ-իրանական երկաթգծի անգամ նախագիծը չկա, իսկ Համահայկական բանկը փակվեց անցած տարվա օգոտոսին:

Անցած տարիների ընթացքում Հայաստանի իշխանություններին ընդամենը հաջողվեց 2013 թ․ հունվարին կոնցեսիոն պայմանագրեր կնքել Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռոսիա ՖԶԷ» անվամբ ընկերության հետ, որն էլ պարտավորվեց իր միջոցներով կառուցել հայ-իրանական երկաթգիծը՝ ծրագրի ավարտից հետո իրավունք ստանալով 30 տարի շահագործել այն:

Փաստաթղթերը ստորագրվեցին 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ, և դիտորդների կարծիքով՝ դա ընդամենը իշխանությունների PR քայլն էր․ նպատակ էր դրվել հանրությանը ցույց տալ, թե երկաթգծի կառուցման ուղղությամբ կոնկրետ քայլեր են արվում, և Սերժ Սարգսյանի խոստումը չի մնացել օդում կախված:

««Ռոսիա ՖԶԷ» կազմակերպության մասին ես նոր եմ լսում, մեզ մոտ գալիս են տարբեր ներդրողներ, առաջարկներ են անում ոչ միայն երկաթգծի, այլև բազմաթիվ այլ բնագավառներում: Բայց մենք այսօր դրանց պետք է ավելի լուրջ մոտենանք, ավելի նախանձախնդիր լինենք, որովհետև սխալվելու իրավունք չունենք»,- այսօր ասաց Աշոտ Հակոբյանը:

Նա, միաժամանակ, վստահեցրեց՝ այն, որ կառավարության ներկա օրակարգում երկաթգծի կառուցումն առաջնային չէ, չի նշանակում, որ գաղափարից ընդհանրապես հրաժարվել են: Կանդրադառնան, երբ միջոցներ լինեն․ «Այն կմիացնի Պարսից ծովը սևծովյան հատվածի հետ, և այդ առումով Հայաստանի՝ որպես ապագայում տրանզիտ երկրի համար, կունենա տնտեսական նշանակություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG