Մատչելիության հղումներ

«Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ. Վանեցյան


Տարոն Մարգարյան, արխիվ
Տարոն Մարգարյան, արխիվ

«Երևան» հիմնադրամում հայտնաբերված չարաշահումների գործով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կհրավիրվի Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Տարոն Մարգարյանը դեռևս այս փուլում չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Վանեցյանը։

Վերջինիս փոխանցմամբ, հիմնադրամում կատարվող մեծածավալ ստուգումներն ավարտական փուլում են:

ԱԱԾ-ն «Երևան» հիմնադրամում անցկացրած խուզարկությունների արդյունքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցել ու մեղադրանք առաջադրել հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանին:

ԱԱԾ-ն հաղորդում էր ստացել, որ կառուցապատման և գույքի ձևակերպման թույլտվությունների համար, բացի օրենքով սահմանված վճարումներից, քաղաքացիներին պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ, որոնց մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Արթուր Վանեցյանը նաև տեղեկացրեց, որ ուսումնասիրում են Տարոն Մարգարյանի ունեցվածքի հետ կապված հրապարակումները։

«Տարոն Մարգարյանի անունով գրանցված բիզնեսներ մենք չենք հայտնաբերել, ունեցվածքը, որը որ կա հայտնի հրապարակման մեջ, վարչապետի օգնականը՝ կոռուպցիայի հակազդման գծով, Արեն Մկրտչյանն էդ նյութերը փոխանցել է մեզ, էդ նյութերով իրականացվում են ուսումնասիրություններ, որոնցով ևս կլինեն կոնկրետ միջոցառումներ», - ասաց Վանեցյանը։

Վերջերս հրապարակվել է մի տեսանյութ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին։ Տեսանյութում նշվում է, որ թեև 40-ամյա Տարոն Մարգարյանն իր ամբողջ կյանքի ընթացքում եղել է միայն պետական պաշտոնյա, սակայն զգալի չափով ունեցվածք է կուտակել։

Նշենք, որ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG