Մատչելիության հղումներ

Փաշինյանը սադրանք է համարում Փանիկում տեղի ունեցածը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ինքնիշխանության և հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների դեմ սադրանք է որակում նախօրեին Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը, երբ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորները առանց տեղացիներին նախազգուշացնելու զորավարժություններ էին սկսել Շիրակի մարզի այս համայնքում: Հնչել էին կրակոցներ, պայթյուններ էին որոտացել՝ խուճապ ու սարսափ առաջացնելով գյուղում:

Վարչապետը կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հատուկ անդրադառնալով այս միջադեպին՝ տեղեկացրեց, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների, և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, և կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն», - հայտարարեց Փաշինյանը:

«Իհարկե, դեռ խնդիր կա՝ հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է քննարկվի, հետաքննվի այս միջադեպը, որովհետև պետք է պայմանագրերի, ներհայաստանյան օրենսդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանել: Ամեն դեպքում, ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են, և հույս ունեմ՝ հետագա ընթացքը արդյունավետ կլինի», - ասաց վարչապետը:

Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ ռուսական կողմից հավաստիացում են ստացել, որ նման բան այլևս չի կրկնվի:

Լրագրողների դիտարկմանը, թե այս ամենին քաղաքական ենթատեքստ է տրվում՝ հայ-ռուսական հարաբերությունների առումով, հայկական կողմին ահաբեկելու փորձերի մասին են խոսում, Վանեցյանը արձագանքեց․ - «Չկա ըտենց բան»:

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության օր է նշանակվել հուլիսի 26-ը

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը այսօր հայտարարեց՝ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության օր է նշանակված հուլիսի 26-ը: Երկրորդ նախագահի գրասենյակը հայտնել էր, որ Քոչարյանը Հայաստան կվերադառնա մինչև հուլիսի 25-ը և խնդիր չի տեսնում պատասխանել իրավապահների հարցերին:

«Ծանուցագիրը տրված է պարոն Քոչարյանին, նախատեսվում է, որ հուլիսի 26-ին պետք է ներկայանա պարոն Քոչարյանը», - ասաց Խաչատրյանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ «իրենք առաջարկում են տեսանկարահանել, ի՞նչ նորություններ կարող եք ասել այս մասով», ՀՔԾ պետը արձագանքեց․ - «Դեռևս չենք քննարկել, կքննարկենք»: Հնարավոր համարելով հարցաքննության տեսանկարահանումը՝ «իհարկե հնարավոր է», Խաչատրյանը տեսագրությունը հրապարակայնացնելու առնչությամբ ասաց․ - «Հրապարակայնացնելը արդեն վարույթն իրականացնող մարմինը կորոշի՝ ինչ չափով հրապարակայնացնել կամ ընդհանրապես չհրապարակայնացնել, դա՝ գործի շահերից ելնելով»:

Ռոբերտ Քոչարյանն այս պահին վկայի կարգավիճակ ունի: Հատուկ քննչական ծառայությունն առայժմ չի հստակեցնում՝ արդյոք հարցաքննության կկանչվե՞ն նաև 2008 թվականի ընդդիմադիր շարժումը առաջնորդած գործիչները՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որևէ սահմանափակում անձերի հետ կապված չկա, որպես վկա կարող է կանչվել ցանկացած անձ, որը կարող է որոշակի տեղեկատվություն տալ, էական նշանակություն ունեցող որոշակի տեղեկատվություն տալ քրեական գործով», - ասաց Սասուն Խաչատրյանը:

«Կանչվե՞լ են, օրինակ, առաջին նախագահը, վարչապետ Փաշինյանը», - «Ազատության» այս հարցին ՀՔԾ պետը արձագանքեց․ - «Չեմ ցանկանում այդ հարցին պատասխանել, այդ հարցին չեմ ցանկանում այս պահին պատասխանել»:

Հարցին էլ՝ «իսկ հետախուզվողներից հայտնաբերվողներ կա՞ն, Միքայել Հարությունյանը, օրինակ», Խաչատրյանը պատասխանեց․ - «Եթե հայտնաբերված լինեին, երևի թե դուք այդ մասին արդեն տեղյակ կլինեիք, իսկ հայտնաբերման պրոցեսը արդեն ոստիկանության գործառույթն է»:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան, երբ պաշտոնապես երկրի ղեկավարն էր Ռոբերտ Քոչարյանը, ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով 10 մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Մարտիմեկյան իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Իշխանափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայության նոր պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ քաղաքական կամք կա «Մարտի 1»-ի գործը բացահայտելու։

Այս ամսվա սկզբին ՀՔԾ-ն հաղորդեց, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։

Ծառուկյանի հարցաքննության հարցը՝ նախաքննական գաղտնիք

Սասուն Խաչատրյանն այսօր չհայտնեց՝ արդյոք հարցաքննության կանչվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Օլիմպիական կոմիտեում տեղի ունեցած միջադեպի գործով․ մարմնական վնասվածքներով հիվանդանոցում հայտնված քաղաքացին ոստիկանությանը հայտնել էր, թե Ծառուկյանն ու նրա թիկնազորի պետն են իրեն ծեծել, ավելի ուշ, սակայն, ասել էր, թե բռնություն չի եղել, սայթաքել է:

«Նախաքննական գաղտնիք է, այս պահին չեմ ցանկանում բացահայտել», - այս առնչությամբ ասաց Խաչատրյանը:

Տարոն Մարգարյանի մասին տեսանյութը ենթակա է քննության

Առաջիկայում Ազգային անվտանգության ծառայություն կհրավիրվի հրաժարական տված քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ծառայության պետ Արթուր Վանեցյանը հայտնեց, որ ավարտվում են ստուգումները «Երևան» հիմնադրամում, քննության ենթակա է նաև հեռացած քաղաքապետի կուտակած մեծ հարստության մասին տեսանյութը․ - «Վարչապետի օգնականը կոռուպցիայի հակազդման գծով՝ Արեն Մկրտչյանը, այդ նյութերը փոխանցել է մեզ, այդ նյութերով իրականացվում են ուսումնասիրություններ, որոնք ևս կլինեն կոնկրետ միջոցառումներ»:

«Ազատության» հարցին՝ պաշտոնյաների ապօրինի հարստացման նոր նյութեր կա՞ն, ո՞ւմ են վերաբերում, մեծ ծավալների են, թե ոչ՝ ԱԱԾ պետը պատասխանեց՝ «Բավականին»: Հարցին՝ առաջիկայում բացահայտումներ կլինե՞ն, արձագանքեց՝ «այո»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG