Մատչելիության հղումներ

Իրանը Արդարադատության միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ԱՄՆ-ի


Իրան - Նաթանզի միջուկային կենտրոնը, արխիվ
Իրան - Նաթանզի միջուկային կենտրոնը, արխիվ

Իրանը շարունակում է ուրանի արդյունահանումը և մոտ է ավարտին հասցնելու գործարանի կառուցումը, որտեղ կկարողանա ավելի շատ ցենտրիֆուգներ կառուցել ուրանի հարստացման համար: Այս մասին պաշտոնական Թեհրանը հայտարարեց այն բանից հետո, երբ հայց ներկայացրեց Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Միացյալ Նահանգների:

Իրանը մեղադրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2015 թվականին կնքված միջուկային պայմանագիրը լքելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու որոշումը: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Իրանը պետք է շարունակի կատարել իր պարտավորությունները Թրամփի այս որոշումից հետո:

Վեց գերտերությունների հետ երեք տարի առաջ կնքած պայմանագրով Թեհրանը համաձայնել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը` միջազգային պատժամիջոցներից ազատվելու դիմաց:

Անցած ամիս Խամենեին հայտարարեց, որ իր երկիրը պատրաստվում է զարգացնել ուրանի հարստացման հնարավորությունը Նաթանզի միջուկային կենտրոնում: Այդուհանդերձ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին վստահեցրել է, որ պաշտոնական Թեհրանը կշարունակի պահպանել միջուկային գործարքը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) խոսնակը Reuters լրատվական գործակալությանը հայտնել է, որ տեղյակ է Իրանի հայտարարությանը, սակայն զերծ է մնացել մեկնաբանություններից:

Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես քաղաքացիական նպատակներ է հետապնդում, մինչդեռ Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին միջուկային զենք մշակելու փորձերի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG