Մատչելիության հղումներ

Ամերիկացի պաստորը կմնա թուրքական բանտում՝ ահաբեկչության մեղադրանքներով


Թուրքիա - Ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնը, Իզմիր, մայիս, 2017թ․
Թուրքիա - Ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնը, Իզմիր, մայիս, 2017թ․

Չնայած վերջին օրերին նկատվող զգուշավոր լավատեսությանը` պաշտոնական Վաշինգտոնի և Անկարայի միջև դիվանագիտական լարվածության գլխավոր պատճառներից մեկը հաղթահարել այդպես էլ չհաջողվեց: Խոսքը ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի դեմ Թուրքիայում հարուցված քրեական գործի մասին է, որն այդպես էլ չկարճվեց, իսկ ամերիկացի պաստորը կշարունակի մնալ թուրքական բանտում` ահաբեկչության մեղադրանքներով: Երեկ նման վճիռ կայացրեց Իզմիրի երկրորդ բարձրագույն քրեական դատարանը` «Ալիաղա» կալանավայրում կայացած արտագնա նիստի ընթացքում:

Թուրքական դատախազությունը Էնդրյու Բրանսոնին մեղադրում է 2016 թվականի հեղաշրջման փորձին առնչություններ ունենալու, Փենսիլվանիայում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ցանցին և Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ:

Նշենք, որ Բրանսոնը Թուրքիայում բնակություն է հաստատել ավելի քան երկու տասնամյակ առաջ` 90-ականների կեսերին:

Թուրքիայում Միացյալ Նահանգների ժամանակավոր հավատարմատար Ֆիլիպ Քոսնեթը դատարանի վճռի հրապարակումից հետո հայտարարում էր․ - «Այսօրվա դատական լսումների արդյունքները մեզ հիասթափեցնում են: Ես ծանոթացել եմ մեղադրական եզրակացությանը, ներկա եմ եղել այս գործով հրավիրված երեք դատական նիստերի: Ես չեմ հավատում, թե առկա է գեթ մեկ ապացույց առ այն, որ պաստոր Բրանսոնը քրեական կամ ահաբեկչական բնույթի որևէ արարք է գործել»: Ամերիկացի դիվանագետն ընդգծում էր նաև, որ Բրանսոնի դատավարությունը մեկն է մի շարք քրեական գործերից, որոնք շարունակում են ստվեր նետել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

«Մեր կառավարությունը շարունակում է խորապես մտահոգվել ոչ միայն Բրանսոնի, այլև մյուս ամերիկացիների և ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող Թուրքիայի մի շարք քաղաքացիների ձերբակալության պատճառով, որոնք բանտում են հայտնվել արտակարգ դրության ռեժիմի պայմաններում գործող կանոնների պատճառով», - ասում էր Ֆիլիպ Քոսնեթը:

Ամերիկացի հոգևորականը բանտում կմնա առնվազն մինչև հոկտեմբերի 12-ը, երբ Իզմիրի դատարանում կշարունակվի վկաների հարցաքննությունը:

Ամերիկյան մի շարք աղբյուրների պնդմամբ՝ Էնդրյու Բրանսոնի ձերբակալությունը պաշտոնական Անկարան օգտագործում է որպես հաղթաթուղթ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման շուրջ Վաշինգտոնի հետ սակարկությունների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG