Անվանի դիրիժոր, շուրջ երկու տասնամյակ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը երեք տարի առաջ հեռացավ թատրոնից, քանի որ թատրոնից հանվեց գլխավոր դիրիժորի հաստիքը:
«Հաստիքը հանեցին, դա Հասմիկ Պողոսյանի օրոք էր: Կարծում եմ, որ ֆիզիկապես իմ դեմ էր ուղղված այն ժամանակ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դուրգարյանը՝ հավելելով․ թե «չկա չարիք, առանց բարիքի», որովհետև դրանից հետո հնարավորություն է ունեցել համագործակցել եվրոպական և ռուսական լավագույն նվագախմբերի հետ:
Կարեն Դուրգարյանն արդեն իսկ հանդիպել է Մշակույթի նոր նախարար Լիլիթ Մակունցին և իր պատրաստակամությունը հայտնել օգտակար լինել օպերայի արվեստի զարգացման գործընթացում: Հայաստանից դուրս նա հանդիպումներ ու զրույցներ է ունեցել օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանդին Օրբելյանի հետ:
Մինչև այժմ թատրոնից համագործակցության առաջարկ չի ստացել, իսկ թատրոն ցայսօր չունի գլխավոր դիրիժոր․ - «Օպերային թատրոնի առաջարկ ես նույնիսկ չեմ էլ սպասում ունենալ: Ես կարող եմ ասել, որ այն փորձառությունը և այն կապերը, որ ես ունեմ, ես այսօր մեծ սիրով կփոխանցեմ առանց որևէ նախապայմանի: Կարծում եմ, որ մշակութային դաշտի այսօրվա ղեկավարությունը հստակ դաշտը պատկերացնում է: Եվ մենք պետք է տեսնենք իրենց արած քայլերը, և հուսով եմ, որ այդ քայլերը կլինեն շատ ճիշտ»:
Կարեն Դուրգարյանը համոզված է, որ ցանկության և կառավարման լուրջ աշխատանքի շնորհիվ դեպքում մեր օպերային թատրոնը որպես խաղացանկային թատրոն կարող է ամեն օր ներկայացում ունենալ, և հանդիսատես նույնպես կարելի է ապահովել տոմսերի վաճառքը ճիշտ կազմակերպելու դեպքում․ - «Ամեն օր պետք է թատրոնը ներկայացում տա, բացի երկուշաբթի օրերից, ինչպես ամբողջ աշխարհում է: Կիրակի օրը երկու ներկայացում՝ առավոտ, երեկո: Դա ամենաստաբիլ թատրոնի կարգավիճակն է: Իհարկե, այդ դեպքում պետք է ունենաս մի քիչ մեծ նվագախումբ: Որպեսզի արտիստները փոխվեն, բալետային խումբը պետք է մի քիչ մեծ լինի: Եվ երգչախումբը․․․ կոլեկտիվները պետք է մի քիչ մեծ լինեն: Իհարկե է, պետք է լինի շատ ուժեղ դիրիժորական թիմ, որովհետև յոթ ներկայացում շաբաթվա մեջ մեկ հոգի չի կարող ղեկավարել: Այսօր մենք ինչ ենք տեսնում․ փլուզումը թատրոնի սկսվեց դեռ 90-ակակններից, որովհետև փոխվելով՝ տարբեր ղեկավարները սկսեցին իրենց ներկայացումները հրամցնել հանդիսատեսին, հինը հանել: Հետևաբար ռեպերտուարը սկսեց կրճատվել, և հասանք նրան, ինչ մենք այսօր ունենք»:
Եթե ամեն օր խաղացանկային ներկայացում չես կարողանում ապահովել, ապա, նրա խոսքով, ստիպված սկսում ես դահլիճը վարձակալության տալ, քանի որ «էդպես ավելի հեշտ է»․ - «Վարձակակությունից ծախսը փակում ես: Այդ դեպքում արտիստը ասում է՝ իսկ ինչո՞ւ ես չեմ երգում, կամ չեմ նվագում: Էդ դեպքում արտիստը չի կարողանում աշխատել, և ունենում ենք այն, ինչ որ այսօր ունենք»:
Կարեն Դուրգարյանը համոզված է, որ ամենօրյա խաղացանկային ներկայացումներով կարելի է հանդիսատես ապահովել․ - «Չորս տարի առաջ մենք փորձեցինք շաբաթական երկու ներկայացումը դարձնել երեք, փորձեցինք դարձնել չորս, և այդտեղ սկսվեց կոնֆլիկտը: Սկսվեց կոնֆլիկտ այն ղեկավարության հետ, որին ձեռք էր տալիս հանձնել շենքը վարձակալության: Տնօրենը պետք է իհարկե զբաղվի ներքին ֆինանսավորման հարցերով, բայց ի վերջո մենք տեսնում ենք, որ Հայաստանում բաց է մենեջմենտի և թատրոնի տնօրենի ինստիտուտ հասկացողությունը: Եթե դուք չեք կարողանում պլանավորել թատրոնի կյանքը գոնե մեկ տարի առաջ, ինչպե՞ս կարող եք տոմս վաճառել: Չէ՞ որ աբոնեմենտային սիստեմը դուք չեք կարողանում օգտագործել, իսկ աբոնեմենտային սիստեմը տալիս է հնարավորություն «կրեդիտ» փող ունենալ: Ամենադժվար մասնագիտությունը բոլոր ոլորտներում դա կազմակերպելն է աշխատանքը: Եթե չեք կարողանում կազմակերպել աշխատանքը, որևէ մի գործ հաջողության չի հասնի»: